ՀՀ քաղաքացիներին անձամբ Վճռաբեկ դատարան դիմելու իրավունքից զրկեքը հակասահմանադրական է. իրավաբան

Ինչպես գրել է Iravaban.net-ը, 2014 թվականի հունիսի 10-ին ընդունված` «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին » ՀՀ օրենքով սահմանվել է, որ գործին մասնակցող ֆիզիկական և իրավաբանական անձինք վճռաբեկ բողոք կարող են ներկայացնել միայն փաստաբանի միջոցով: Նույն կարգավորումն է տրված նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով, որն ուժի մեջ է մտել 2014թ. հունվարի 1-ից: 

Իրավաբան, ՀՀ Փաստաբանական պալատի անդամ Ռուզաննա Ազրոյանի կարծիքով՝ ՀՀ քաղաքացիներին առանց փաստաբանի Վճռաբեկ դատարան դիմելու իրավունքից զրկելը հակասահմանադրական է։

«Իմ այս հայտարարության համար միգուցե ինձ զրկեն ՀՀ փաստաբանական պալատի անդամությունից, սակայն ես առաջին հերթին իրավաբան եմ, արդարության կողմնակից, ապա նոր՝ որակավորված փաստաբան։ Միանշանակ նման մոտեցումը և նման նորմը հակասահմանադրական է. ոչ մի պարագայում չի կարելի անձին զրկել իր իրավունքները անձամբ պաշտպանելու հնարավորությունից։ Ես փորձել եմ որպես քաղաքացի, որպես իրավաբան գտնել այս փոփոխության դրական կողմերը: Գտել եմ որոշները… Սակայն այդ որոշ դրական փոփոխություններն էլ նույնիսկ չեն արդարացնում անձանց իրավունքների նման ոտնահարումը։ Ես՝ որպես քաղաքացի, որպես իրավաբան, առավել ևս որպես փաստաբան, ևս գտնում եմ, որ դա արդարացի չէ, և պատրաստ եմ հնարավորինս աջակցել և օգնել, որպեսզի նորմը ճանաչվի հակասահմանադրական»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Ռ. Ազրոյանը:

Տեսանյութեր

Լրահոս