Ֆրանսիան զինծառայողներ կուղարկի աֆրիկյան իր 5 նախկին գաղութներ
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիան զորքեր կուղարկի Աֆրիկայի հյուսիս-արևմուտքում գտնվող իր նախկին 5 գաղութներ: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Նա մանրամասնել է, որ աֆրիկյան այդ երկրներ ուղարկվող 3000 հոգանոց կոնտինգենտը պետք է օգնի տարածաշրջանի երկրներին՝ ահաբեկչության դեմ պայքար մղելու համար: Օլանդի խոսքերով՝ ֆրանսիացի զինծառայողներն ուղարկվելու են Մավրիտանիա, Բուրկինա Ֆասո, Նիգեր, Չադ և Մալի:
Օլանդը կարևորել է աֆրիկյան ուժերի մասնակցությունն այդ գործողություններին: Ֆրանսիան առաջին անգամ չէ, որ Աֆրիկայի տարածքում մասնակցում է հատուկ գործողության: 2012 թվականին ֆրանսիացի զինծառայողներն ուղարկվել են Մալի, ուր իրականացվել էր ռազմական հեղաշրջում: Բացի այդ, այս տարվա փետրվարին Ֆրանսիան մոտ 1600 զինծառայող է ուղարկել ԿԱՀ: