Սաակաշվիլին Ուկրաինայում մալայզիական օդանավի կործանման համար մեղադրել է Եվրոպային
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Facebook-ի իր էջում մեկնաբանել է Ուկրաինայի տարածքում մալայզիական օդանավի կործանումը:
Դրա հետ կապված՝ Սաակաշվիլին դժգոհություններ է հայտնել Եվրոպայի գործողություններից, որը նախկինի նման համարժեք քայլեր չի ձեռնարկում Ռուսաստանի դեմ:
Սաակաշվիլին ընդգծել է, որ այն ժամանակ, երբ ռուսական զրահատեխնիական ու ՀՕՊ-ի միջոցներն ամեն օր ներթափանցում են Ուկրաինա, Եվրոպան նախընտրում է անամոթաբար նայել այլ ուղղությամբ.
«Երեկ Եվրոպական խորհուրդը վերստին չկարողացավ պայմանավորվածության գալ (ՌԴ-ի դեմ) լուրջ, այսինքն սեկտորային պատժամիջոցների շուրջ: Երեկ ողջ մարդկանցով ինքնաթիռն ընկել է երկնքից: Այդ աղետն ամենևին էլ չի իջել երկնքից, այն պատրաստվել էր վաղուց:
Եվրոպայի աչքի առջև ռուսական զրահատեխնիկան ու ՀՀՕՊ-ի միջոցներն ամեն օր հատում են ինքնիշխան Ուկրաինայի՝ տարածքային առումով եվրոպական խոշորագույն երկրի սահմանը, իսկ Եվրոպան նախընտրում է անամոթաբար նայել այլ ուղղությամբ»:
Սաակաշվիլին հիշեցրել է, որ ամիսներ առաջ, երբ ելույթ է ունեցել Բրյուսելում և առաջարկել է խիստ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի դեմ, եվրոպացի գերագույն հանձնակատարներն ագրեսիվորեն առարկել են իրեն. «Ի՞նչ է, Դուք մեզ առաջարկում եք ռմբակոծել Ռուսաստանը»: Ի պատասխան՝ Սաակաշվիլին ասել է. «Ո՛չ, սպասե՛ք այնքան, մինչև որ կռմբակոծեն ձեզ»:
Սաակաշվիլու խոսքերով՝ անկասկած է, որ Պուտինի հրահանգով ահաբեկիչները ռուսական ՀՕՊ-ի հրթիռով կործանել են մալայզիական ինքնաթիռը, ինչից հետո Պուտինն անմիջապես սկսել է ամեն ինչում մեղադրել Ուկրաինային: Սաակաշվիլին կարծում է, որ դա ցինիզմ է: