Ուկրաինայի իշխանությունները հանցավոր անփութություն են գործել. Նարիշկին
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը «հանցավոր անփութություն» է որակել Ուկրաինայում քաղաքացիական օդանավի կողմից ռազմական գործողությունների գոտի մտնելու թույլտվություն տալը:
Նարիշկինը հայտարարել է, որ իրենք մեծ հույսեր ունեն, որ Ուկրաինայում կհաստատվի հրադադար, ինչը հնարավորություն կտա հետաքննել ավիավթարի պատճառները.
«Բնականաբար, ապշեցուցիչ է այն փաստը, որ Ուկրաինայի ավիացիոն իշխանությունները քաղաքացիական մարդատար օդանավին թույլատրել են մուտք գործել այն օդային տիրույթ, որի տարածքում ընթանում են ռազմական գործողություններ, ուր Ուկրաինայի բանակը սեփական երկրի քաղաքացիների դեմ կիրառում է զրահատեխնիկա, ծանր հրետանի, մարտական ինքնաթիռներ, համազարկային կրակի սարքեր:
Միայն այն փաստը, որ օդանավին թույլատրել են մուտք գործել տվյալ օդային տիրույթ, հանդիսանում է առնվազն հանցավոր անփություն: Ես անգամ չեմ ցանկանում մտածել հանցավոր դիտավորության մասին»: