Ջոն Քերին Նեթանյահուի հետ քննարկել է Գազայի հատվածի հարցը
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ:
Հեռախոսազրույցի ժամանակ Քերին անհրաժեշտ է համարել Մերձավոր Արևելքում բռնությունների շուտափույթ դադարեցումը և տարածաշրջանում հրադադարի մասին համաձայնագրին վերադարձ կատարելը:
Քերիի խոսքերով՝ Իսրայելի վարչապետը ռազմական գործողության սկսելը պայմանավորել է Իսրայելի տարածք ահաբեկիչների հետագա ներթափանցման սպառնալիքը կանխելու անհրաժեշտությամբ:
Քերին հաստատել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին՝ հավելելով, որ իսրայելական ռազմական գործողությունը պետք է կրի ճշգրիտ բնույթ՝ այն թունելների ոչնչացման համար, որոնց միջոցով ծայրահեղականները ներթափանցում են Իսրայելի տարածք:
ԱՄՆ պետքարտուղարն ուշադրություն է հրավիրել հետագա էսկալացիայից խուսափելու և 2012 թվականի հրադադարի մասին համաձայնագրի գործողությունները շուտափույթ վերսկսելու վրա: Քերին նաև մտահոգություն է հայտնել երկու կողմի խաղաղ բնակչության անվտանգության կապակցությամբ: