Օբաման Պուտինին զգուշացրել է, որ ՌԴ-ին սպասվում են հետագա կորուստներ ու մեկուսացում
ZN.UA-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ժամանակ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակն ու Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցների ընդլայնումը:
Այս մասին նշված է Սպիտակ տան տարածած պաշտոնական հաղորդագրությունում: Դրա համաձայն, Բարաք Օբաման հեռախոսազրույցի ժամանակ ընդգծել է, որ նախկինի նման հակված է հակամարտության դիվանագիտական կարգավորմանը, իսկ պատժամիջոցներն իր համար չեն հանդիսանում գործելու նախապատվելի տարբերակ:
Դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ի նախագահն ընդգծել է, որ կան բազմաթիվ վկայություններ, որ Ռուսաստանը շարունակում է ծանր սպառազինության մատակարարումն Ուկրաինայում գործող զինյալներին և միջոցներ չի ձեռնարկում ճգնաժամի ապաէսկալացման ուղղությամբ, ինչի մասին որ բարձրաձայնել են ԱՄՆ-ն ու ԵՄ-ը:
Օբաման հավելել է, որ ելնելով այդ ամենից՝ անհրաժեշտ է գտել հավելյալ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ: Օբաման մտահոգություն է հայտնել Ուկրաինայի սահմանին ռուսական զորքերի կենտրոնացման կապակցությամբ:
Նա Պուտինին կոչ է արել ձեռնարկել կոնկրետ քայլեր հակամարտության ապաէսկալացման համար, այդ թվում նաև ճնշում գործադրել զինյալների վրա, որպեսզի նրանք համաձայնեն հրադադարին, աջակցեն բանակցությունների «ճանապարհային քարտեզին» և այլն:
Օբաման զգուշացրել է, որ Ռուսաստանին սպառնում են հետագա կորուստներ ու մեկուսացում, եթե նա չձեռնարկի կոնկրետ միջոցներ: Օբամայի խոսքերով՝ Վաշինգտոնն ու Մոսկվան շահագրգռված են նրանում, որ Ուկրաինայում տիրի կայունություն և բարգավաճում: Օբաման ու Պուտինն ընդգծել են ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: