Գազայի հատվածում Իսրայելի ցամաքային գործողության ժամանակ զոհվել է 8 պաղեստինցի
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 8 պաղեստինցի է զոհվել Գազայի հատվածում իսրայելական բանակի ձեռնարկած ցամաքային գործողության ժամանակ: Այս մասին հայտնել են Գազայի հատվածի իշխանությունները:
Նախնական տվյալներով՝ զոհվածների թվում հայտնվել է նաև եռամսյա երեխա: Վերջինս զոհվել է տանկի կրակոցի հետևանքով: Իսրայելի իշխանությունները զինվորականներին հրամայել են պատրաստվել ցամաքային գործողության ընդլայնմանը:
Իսրայելի կառավարության մամլո քարտուղար Մարկ Ռեգևը հայտարարել է, որ ներխուժման նպատակը ստորգետնյա թունելների ոչնչացումն է, որոնց միջոցով զինյալները ներթափանցում են Իսրայել:
Դրա հետ մեկտեղ Իսրայելի իշխանություններն ընդգծում են, որ իրենց գլխավոր առաջադրանքը ՀԱՄԱՍ-ի թուլացումն է ռազմական պլանում և ոչ թե իշխանությունից այդ խմբավորմանը հեռացնելը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը դատապարտել է ռազմական գործողությունների վերսկսումը՝ ընդգծելով, որ դրանց հետևանքով տուժում է խաղաղ բնակչությունը:
Բան Կի Մունը ՀԱՄԱՍ-ին կոչ է արել անհապաղ դադարեցնել Իսրայելի տարածքի հրթիռակոծումը, իսկ Իսրայելին էլ կոչ է արել հրաժարվել ռազմական գործողությունից՝ խնդրելով անել ամեն հնարավոր բան՝ քաղաքացիական անձանց ու նրանց ունեցվածքը, ինչպես նաև ՄԱԿ-ի անձնակազմը պաշտպանելու համար: