Ալեքսանդր Իսկանդարյան. «Իսկ ի՞նչ է, ինչ-որ ռուս-ադրբեջանական ջերմացո՞ւմ կա»
«Ըստ երևույթին, Սերժ Սարգսյանի օգնականները, ովքեր կազմում են նախագահի հերթական ելույթի օրակարգը, «Ֆեյսբուք» են կարդում, և Սերժ Սարգսյանն արձագանքում է երկրի ներսում ընթացող բանավեճերին»,- այսօրվա ասուլիսում ասաց քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը` անդրադառնալով Արգենտինայում Սերժ Սարգսյանի հայտարարությանը:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահը արգենտինական «La Nacion» թերթին տված հարցազրույցում ասել էր, որ հայ ժողովրդին շատ է մտահոգում այն փաստը, որ ռազմավարական դաշնակից Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին:
Մեկնաբանելով Ս. Սարգսյանին` Ալեքսանդր Իսկանդարյանը կարծիք հայտնեց, որ հայ-ռուսական հարաբերությունները «տաք» թեմաներից է, հայաստանյան հասարակությունն ունի լուրջ անհանգստություններ այդ հարցերի վերաբերյալ, և Սերժ Սարգսյանը ճիշտ է անում, որ արձագանքում է այդ բանավեճերին, որովհետև նա երկրի նախագահն է:
«Սա «տաք» թեմաներից է: Պետք է կրկնեմ` որևէ նոր բան տեղի չի ունենում.
Ռուսաստանը զինում է Ադրբեջանին` նրա անկախության հռչակման օրվանից ի վեր, նույնիսկ դրանից առաջ:
Ընդհանրապես, հետխորհրդային տարածքում բացի Ռուսաստանից զենքի այլ լուրջ աղբյուր չկա: Թերևս կարելի է առանձնացնել միայն Ուկրաինային: Իհարկե, Հայաստանի իշխանությունները չպետք է ողջունեն Ռուսաստանի այդ քաղաքականությունը, այստեղ Հայաստանի համար ոչ մի լավ բան չկա, բայց մի քիչ դժվար կլինի կարծել, որ ռուսները հանկարծ ինչ-որ պատճառով կդադարեն զինել Ադրբեջանին: Սա ռուսական քաղաքականության ձևն է»,- նշեց քաղաքագետը:
Հարցը, թե ի՞նչ կարծիք ունի ռուս-ադրբեջանական հարաբերությունների վերջին ջերմացման մասին, բավական զարմացրեց Ալեքսանդր Իսկանդարյանին:
«Իսկ ի՞նչ է, ինչ-որ ռուս-ադրբեջանական ջերմացո՞ւմ կա: Եթե կա, ասեք, ես չգիտեմ»,- պատասխանեց Իսկանդարյանը:
Նա ավելացրեց, որ որևէ կապ չի տեսնում ադրբեջանական ուժերի վերջին հարձակումների, սահմանային կրակոցների և Ռուսաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների միջև, իսկ Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններում որևէ ջերմացում չկա, ավելին` վերջին իրադարձությունը, որը տեղի ունեցավ ռուս-ադրբեջանական հարաբերություններում, Ադրբեջանի բավական կտրուկ, անքաղաքավարի մերժումն էր Ռուսաստանի առաջարկած ինտեգրացիոն նախագծերին:
Մնացած խոսակցությունները, Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով, թերթերի երևակայության արդյունքն են: