Մաքսային միությունն առաջին պահանջն է ներկայացրել Ադրբեջանին

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2014 թվականի հոկտեմբերից 1-ից Մաքսային միություն ներկրվող ապրանքների նկատմամբ կներկայացվեն հավելյալ պահանջներ: Այս մասին նշված է Ադրբեջանի էկոնոմիկայի ու արդյունաբերության նախարարության կայքում տեղ գտած հայտարարությունում:

Դրանում նշված է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշմամբ՝ Մաքսային միություն ներկրվող ապրանքների նկատմամբ գործելու է նախնական իրազեկման սկզբունքը: Ադրբեջանցի ձեռնարկատերերը, որոնք իրենց ապրանքներն արտահանում են Մաքսային միության անդամ երկրներ, կարող են այդ մասին հավելյալ տեղեկատվություն ստանալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքում:

Ընդունված որոշման համաձայն, փոխադրողը, այդ թվում նաև մաքսային փոխադրողը Մաքսային միության տարածք երկաթուղային տրանսպորտով ապրանք մտցնելիս պարտավոր է այդ մասին նախնական տեղեկատվություն ներկայացնել Մաքսային միության սահմանն ապրանքների հատումից առնվազն երկու ժամ առաջ: Շահագրգիռ անձանց դեպքում դա կազմում է առնվազն 4 ժամ:

Մաքսային միության տարածքի հիման վրա 2015 թվականի հունվարի 1-ից ստեղծվում է Եվրասիական տնտեսական միությունը, որի տարածքը կազմում է ավելի քան 20 միլիոն քառակուսի կիլոմետր, իսկ բնակչությունը՝ մոտ 170 միլիոն մարդ: Ադրբեջանական մամուլը վերոնշյալը նկարագրել է հետևյալ կերպ. «Պուտինի դաշինքից առաջին պահանջն Ադրբեջանին»:

Տեսանյութեր

Լրահոս