Ինչո՞ ւ Պուտինը 180 աստիճանի շրջադարձ կատարեց Ուկրաինայի հարցում. The Guardian
Բրիտանական The Guardian թերթում հրապարակվել է Բալաշ Յարաբիկի «Պուտինը կատարել է 180 աստիճանի շրջադարձ. թե ինչու Ռուսասանը պետք է ամեն դեպքում զիջի հաղթանակն Ուկրաինայում» խորագրով հոդվածը, որում ասվում է.
«Ռուսաստանի նախագահը համաձայնվել է բանակցություններ վարել, որոնք պետք է օգնեն կարգավորել Ուկրաինայի արևելքի հակամարտությունը, և հրաժարվել է հարևան երկրում ռազմական ուժ կիրառելու իրավունքից: Եվ ահա թե ինչու:
Վերջին շաբաթների ընթացքում Ուկրաինայի արևելքում գործող անջատողականները դարձել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամեծ քննադատները: Նրանք ռուսական իշխանություններին կոչ արեցին ռազմական ներխուժում ձեռնարկել Ուկրաինա, սակայն դրանք անտեսվեցին:
Ավելին, երբ նրանք Պուտինին աղաչում էին օգնության մասին, նա դիմեց Դաշնային Խորհրդին` խնդրելով չեղյալ հայտարարել Ուկրաինայում ռազմական ուժ կիրառելու թույլտվությունը: Կրեմլի քաղաքականությունում այդ ոչ մեծ փոփոխությունը ամրապնդվել է հուլիսի 2-ի բեռլինյան պայմանագրով, որը կոչ է անում հաստատելու հրադադար և անցկացնելու նոր բանակցություններ` ուղղված հակամարտության կարգավորմանը:
Այդ համաձայնագրի գլխավոր պայմանը ռուս-ուկրաինական սահմանի վերահսկողության խստացումն է: Ուկրաինական իշխանություններն ու արևմտյան առաջնորդները մտադիր են փակել սահմանը, որպեսզի անջատողականները դադարեն օգնություն ստանալ Ռուսաստանից:
Եթե Ռուսաստանը կատարի համաձայնագրի տվյալ պայմանը, ապա նա կկատարի շատ կարևոր քայլ դեպի առաջ: Միևնույն ժամանակ ուկրաինական իշխանությունները որոշել են ակտիվացնել իրենց հակաահաբեկչական գործողությունը:
Պետք է նաև ընդգծել, որ «խունտա» բառը չքացել է ռուսական պետական ԶԼՄ-ների հռետորիկայից, որոնք ավելի վաղ հենց այդպես էին անվանում ուկրաինական կառավարությանը: Բացի այդ, Ուկրաինան ու Ռուսաստանը նոր բանակցություններ են անցկացրել գազի և Ղրիմի համար ապագա պլանների շուրջ:
Պուտինի քաղաքականության փոփոխությունը նպատակահարմար էր մի շարք պատճառներով, սակայն Ռուսաստանի ներսում նրա մոտ կարող էին բարդություններ ծագել հենց դրա պատճառով` չնայած նրան, որ ռուսաստանցիների զգալի մասը նախընտրում է, որ իրենց երկիրը տնտեսական ու ռազմական օգնություն հատկացնի Ուկրաինայի արևելքին և ոչ թե ներխուժի նրա տարածք:
1) Ի տարբերություն Ղրիմի, տեղի բնակչությունը թույլ է պաշտպանում Ուկրաինայի հարավ-արևելքում «Նովոռուսիա» կիսապետության ստեղծմանը: Ռուսաստանի գործողությունները ընդհակառակը միավորել են ուկրաինացիներին: Կառավարությունը սկսել է վերստին բանակ ստեղծել և նրան հաջողվել է բոլոր կանոններով անցկացնել նախագահական ընտրություններ` չնայած երկրի արևելքն ընդգրկած քաոսին:
Օդեսայի աղետալի դեպքերը, որոնց հետևանքով հրդեհի ու փողոցային դիմակայության ժամանակ զոհվեցին տասնյակ մարդիկ, հանդիսացան շրջադարձային պահ: Դրանք ռուսամետ տրամադրություններ չառաջացրին Օդեսայում, ընդհակառակը նպաստեցին նրան, որ ուկրաինացիներն էլ ավելի միավորվեն` Ռուսաստանին դիմակայելու համար, որը շարունակում է ապակայունացնել տարածաշրջանը:
2) Ղրիմցիներին տված խոստումը կատարելու հարցում Ռուսաստանի անկարողությունը, ինչն առնչվում էր նրանց կյանքն արագորեն բարելավելուն, ռուսական իշխանություններին զգալիորեն զրկեց Ուկրաինայի հարավային ու արևելյան մարզերում աջակցությունից: Մարտի հետ համեմատ` զգալիորեն նվազեց այն ռուսաստանցիների թիվը, որոնք աջակցում էին հարևան երկրներում էթնիկ ռուսներին պաշտպանելու կամ նրանց բնակության տարածքները բռնակցելու գաղափարին:
3) Ռուսական իշխանություններին չհաջողվեց Ուկրաինայում գտնել հուսալի քաղաքական առաջնորդներ, որոնք կստանձնեին «Նովոռուսիայի» ստեղծման պատասխանատվությունը: Այն, որ նրանք, որպես Պուտինի վստահելի անձ, հույսեր էին կապում հանրաճանաչություն չունեցող Վիկտոր Մեդվեդչուկի վրա, ով նախկին նախագահ Լեոնիդ Կուչմայի աշխատակազմի ղեկավարն է, վկայում է, որ Ռուսաստանը կորցնում է իր քաղաքական ազդեցությունն Ուկրաինայում: Մեդվեդչուկը հնարավորություններ չունի հաղթելու ընտրություններում, ֆեդերալացման մասին Կրեմլի գաղափարին աջակցում է ուկրաինացիների միայն 13 տոկոսը:
4) Ուկրաինայի արևելքում շարունակվող ռազմական հակամարտությունն իրենից սպառնալիք է ներկայացնում բուն Ռուսաստանի ներքին կայունության համար, քանի որ ռազմական գործողությունները կարող են տարածվել նաև սահմանից այն կողմ:
5) Մոսկվան այլևս չի ցանկանում ռիսկի տակ դնել իր հեղինակությունն ու տնտեսությունը և տուժել մյուս հետևանքներից, որոնց կարող են առաջացնել Արևմուտքի պատժամիջոցները, և դա այն դեպքում, երբ ռուսական էկոնոմիկայի աճի տեմպերն արդեն իսկ զգալիորեն դանդաղել են: Կրեմլը բնականաբար հասկանում է, որ ԵՄ-ը շատ չի ցանկանում սահմանել նոր պատժամիջոցներ, և դրա համար էլ ձգտում է օգտագործել նոր հնարավորությունները` դրանցից խուսափելու համար:
Ղրիմի բռնակցումն ուժայինների հաղթանակն էր, և նրանք ստանձնել են Ռուսաստանի արտաքին քաղաքականության ձևաչափը վերափոխելու նախաձեռնություն: Այժմ, «փափուկ ուժի կողմնակիցները» հավանաբար հաղթում են նրանց հաշվին:
Կրեմլի ներկայիս ռազմավարությունը մեծապես հենված է «փափուկ ուժի» և ոչ թե ռազմական հզորության վրա, ինչը Մոսկվային կարող է հնարավորություն տալ տարածքային հետագա էքսպասնսիայի սպառնալիքից անցում կատարել երկարաժամկետ հեռանկարում ուկրաինական քաղաքական քաղաքականությանն ազդելու ընդլայնմանը: Եվ այնուամենայնիվ, Ուկրաինայի ապակայունացման հարցը ոչ մի կերպ չի անհետացել Կրեմլի օրակարգից:
Սակայն երկու նպատակի հասնելը` գազային պայմանագիր և Ղրիմի մասին կառուցողական ժամանակավոր համաձայնագիր, որոնցից Ռուսաստանը չի կարող հրաժարվել, պահանջում է ուկրաինական նոր իշխանությունների հետ պայմանավորվածություններ: Ղրիմը չի կարող հաջող նախագիծ դառնալ առանց ուկրաինական ջրամատակարարման, էլեկտրականության, գազի ու սննդամթերքի:
Պորոշենկոն Պուտինի համար դարձել է օրինական գործընկեր, ով հանդես է գալիս խաղաղության օգտին: Պորոշենկոն, ինչպես նաև Պուտինը, հավանաբար հասկացել է, որ ուկրաինացիների մեծ մասն աջակացում է անջատողականների հետ բանակցություններին և ոչ թե ռազմական գործողություններին:
Եթե Պորոշենկոն չսկսեր գործել, ապա նա կարող էր կորցնել շատ ուկրաինացիների վստահությունը, որոնք Ուկրաինայի արևելքի ապստամբությունն ընկալում են որպես Ռուսաստանի հետ հակամարտություն: Արդյունքում, նա չուներ ընտրություն` բացառությամբ հրադադարը դադարեցնելու, անգամ եթե այդ դեպքում Դոնբասի բնակիչները մոտ ապագայում ավելի շատ սկսեն աջակցել ֆեդերալացման գաղափարին:
Փախստականների շուրջ ճգնաժամը, որը մշտապես ավելի է ծանրանում (արևելյան մարզերի բնակիչները փախչում են Ուկրաինայի այլ մարզեր, ինչպես նաև Ռուսաստան), հիշեցնում են հակամարտության լրջության մասին:
Դրանով իսկ թե´ Պորոշենկոն, թե´ Պուտինը պետք է հավասարակշռության հասնեն շատ նուրբ սահմանի շուրջ` հաշվի առնելով իրենց երկրների ներսում տիրող քաղաքական իրավիճակը:
Հնարավոր է` Մոսկվան հասկանա, որ Պորոշենկոն կարող է ստանալ իրեն այդչափ անհրաժեշտ քաղաքական ազդեցություն, եթե նա ներկայումս հաղթանակ տանի, ինչը նրան հնարավորություն կտա ընդունել համաձայնագրեր, որոնք անհրաժեշտ են Ռուսաստանին և որոնց նա սպասում է նրանից: Այժմ որոշում ընդունելու հերթը Պուտինինն է»: