Դատարանը 28-ամյա երիտասարդին մեղավոր է ճանաչել՝ անբարոյական կնոջը անկողնում շնչահեղձ անելու միջոցով սպանելու մեջ

Առաջին ատյանի դատարանի վճռով՝ 28-ամյա երիտասարդը մեղավոր է ճանաչվել կնոջը սպանելու մեջ և դատապարտվել 9 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:
Նախաքննության ընթացքում 28-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իր տան ննջասենյակում, այլ տղամարդկանց հետ իրեն դավաճանելու թեմայի շուրջ վիճաբանության մեջ է մտել իր կնոջ հետ, որի ընթացքում ննջասենյակի մահճակալի վրա սպանել է վերջինիս՝ երկու ձեռքերով պարանոցի շրջանում սեղմելով շնչահեղձ անելու միջոցով դիտավորությամբ կնոջը զրկել է կյանքից:

Առաջին ատյանի դատարանն իր վճռում նշել է, որ դատաքննության ընթացքում ամբաստանյալն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչեց, հրաժարվեց ցուցմունք տալ, սակայն նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել: Ըստ դատարանի՝ նախաքննության ընթացքում ամբաստանյալը նշել է, որ կնոջ հետ համատեղ ամուսնության ընթացքում ունեցել են երկու երեխա: Ամուսնությունից հետո կնոջ հետ բնակվել են Տավուշի մարզի գյուղերից մեկում գտնվող իր պապական տանը: Համատեղ ամուսնության ընթացքում` մինչև 2011 թվականի աշունը, կնոջ հետ ապրել են հաշտ, նորմալ կյանքով: 2011 թվականի աշնանը մտնելով տուն՝ կնոջը բռնացրել է իրենց տան անկողնում Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակչի հետ սեռական հարաբերություն ունենալիս: Նրանց միասին անկողնում տեսնելով` առանց որևէ բան ասելու հեռացել է տանից՝ հայհոյելով կնոջը, իսկ երբ վերադարձել է տուն տեսել է, որ կինը երեխաներին վերցրել և գնացել է հայրական տուն:

Նախաքննության ընթացքում, ըստ առաջին ատյանի դատարանի վճռի, ամբաստնայլը պատմել է,, որ դրանից մոտ մեկ ամիս անց կինը երեխաների հետ վերադարձել է տուն, իրեն խնդրել է, որ հնարավորություն տա համատեղ կյանքը շարունակելու համար, իսկ ինքը, քանի որ կնոջը սիրել է, ուստի ներել է և թույլ է տվել շարունակել բնակվել իր հետ: Մոտ երկու շաբաթ անց ինքը կնոջ և երեխաների հետ գտնվել է տանը և իրենց տուն է եկել այն տղամարդը, ում հետ սեռական հարաբերությամբ զբաղվելիս ինքը տեսել էր կնոջը, և կնոջը դուրս կանչել` հավանաբար նրա հետ սեռական հարաբերություն ունենալու համար։ Կինը դուրս է եկել նրա հետ, իսկ ինքը չի հետևել նրան, քանի որ չի ցանկացել վիճաբանության մեջ մտնել այդ տղամարդու հետ, քանի որ վախեցել է վեճից և կռվից, որը կարող էր առաջանալ այդ տղամարդու հետ:

Նշված միջադեպից հետո կինը կրկին երեխաների հետ գնացել է հայրական տուն, իսկ մի քանի օր անց ներողություն է խնդրել իրենից և կրկին մեկ հնարավորություն խնդրել վերադառնալու համար: Ինքը նրան ներել է և թույլ է տվել վերադառնալ տուն` հույս ունենալով, որ կինը կփոխվի և կդադարեցնի անբարո վարքագիծը: 2013 թվականի ամռան սկզբներին կինը երեխաների հետ հերթական անգամ գնացել է հայրական տուն, ինքը գնացել է նրա հետևից և երբ մտել է տուն տեսել է, որ կնոջ հայրական տանը գտնվում են նրա մայրը , աներորդու կինը, իր կինը ու իրեն անծանոթ երկու երիտասարդ տղաներ:
Վերջիններս տեսնելով իրեն՝ հարցրել են, թե ինքը ինչ գործ ունի այդ տանը, որին ինքը պատասխանել է, որ այդ տունն իր աներոջ տունն է, իսկ ինքը եկել է կնոջն այցելելու: Ինքը կնոջը և կնոջ մորը հարցրել է, թե ովքեր են այդ երկու երիտասարդները և նրանք պատասխանել են, որ այդ երկու երիտասարդները եկել են իր աներորդուն այցելելու, սակայն նա այդ ժամանակ տանը չի եղել: Կատարվածից հետո կնոջը և երեխաներին վերցրել է և վերադարձել տուն: Մի քանի օր անց հանդիպել է աներորդուն , զրուցել նրա հետ և հարցրել, թե ովքեր են եղել նրա հետևից տուն այցելած երկու երիտասարդները, ինչին աներորդին պատասխանել է, որ այդ երիտասարդներն իր հետևից չեն եկել, այլ եկել են իր և ամբաստանյալի կանանց հետևից: Այդ ամենից ինքը հասկացել է, որ կանայք ինտիմ կապերի մեջ են գտնվել նրանց տանը գտնվող երիտասարդների հետ: Բացի այդ ինքը զրուցել է նաև աներոջ տան հարևանի հետ, որն իրեն հայտնել է, որ երբ կինը գտնվել է հայրական տանը, իր և աներորդու կնոջ հետևից պարբերաբար ավտոմեքենայով երիտասարդներ են եկել և վերջիններիս հետները տարել: Նշված թեմայի շուրջ զրուցել է իր և աներորդու կնոջ հետ, սակայն նրանք հերքել են այդ ամենը:

Դրանից մի քանի օր անց իրեն է զանգահարել աներորդու կինը և ասել, որ իր կինը զանգահարում է սիրեկանին և փորձում է վերջինիս հետ մտերիմ կապ ստեղծել: Կատարվածից հետո ինքը կնոջը ասել է, որպեսզի նա այլևս չշփվի աներորդու կնոջ հետ, սակայն իր կինը շարունակել է շփվել նրա հետ և պարբերաբար դավաճանել իրեն այլ տղամարդկանց հետ, որի մասին սկսել են խոսել նաև գյուղում, ինչի պատճառով ինչպես բարեկամությունը, այնպես էլ իրենց հարևաններն իրենցից երես են թեքել և չեն ցանկացել շփվել իրենց հետ: Յուրաքանչյուր դեպքից հետո ինքը կնոջը խնդրել է վերջ տալ անբարո վարքագծին, որպեսզի կարողանան նորմալ ապրել, վերջինս էլ ամեն անգամ խոստացել է, որ այլևս նման քայլի չի դիմի, սակայն շարունակել է նույն վարքագիծը:

Դրանից հետո իրեն է զանգահարել կինը և հայտնել, որ իր հորաքրոջ տղան և հորեղբայրը նրան տանից դուրս են վռնդել: Տուն վերադառնալուց հետո ինքը զրուցել է կնոջ հորաքրոջ որդու հետ, ով իրեն հայտնել է, որ իր մարտական հերթապահության գտնվելու ժամանակ կնոջ հետևից տուն մեքենայով յոթ երիտասարդներ են եկել` վերջինիս հետ սեռական հարաբերություն ունենալու նպատակով: Նա էլ իմանալով այդ մասին իրենց տուն է գնացել, որտեղ ննջասենյակներից մեկում ամբաստանյալի կնոջը բռնեցրել են ինչ-որ երիտասարդի հետ, որից հետո ինչպես այդ երիտասարդին, այնպես էլ կնոջը տանից դուրս են վռնդել:

Դատարանն իր վճռում նշել է, որ ամբաստանյալը նախաքննության ընթացքում հայտնել է, որ ինքը զրուցել է կնոջ հետ, որը ներողություն է խնդրել կատարածի համար` ավելացնելով, որ ցանկանում է ապրել իր հետ, սակայն այլ բնակավայրում: Ինքն էլ կնոջը սիրելով, նորից ներել է նրան, որից հետո ընտանիքով վարձակալական հիմունքներով բնակության է տեղափոխվել այլ գյուղ հույս ունենալով, որ կինը նշված գյուղում կդադարեցնի անբարո վարքագիծը: Սակայն այդ գյուղում էլ կինը շարունակել է իրեն դավաճանել, ինչի մասին իրեն պատմել են նշված գյուղում իրենց հարևանները` նշելով, որ իր մարտական հերթապահության մեջ գտնվելու ժամանակ կնոջը պարբերաբար տարբեր տղամարդիկ են այցելել:

Որոշ ժամանակ անց կնոջ և երեխաների հետ վերադարձել է նախկին բնակավայր: Բացի այն, որ կինը պարբերաբար իրեն դավաճանել է այլ տղամարդկանց հետ, նաև որպես կին շատ փնթի է եղել, տանը մաքրություն չի կատարել, չի հետևել երեխաների անձնական հիգիենային, ինչի կապակցությամբ ինքը բազմաթիվ անգամ կնոջը նախատել է, սակայն վերջինս շարունակել է իր նման վարքագիծը: Կնոջ դավաճանությունների և փնթիության հետևանքով ինքը հիասթափվել է և չի իմացել, թե ինչպես ուղղել կնոջը կամ ազատվել նրանից: Մի օր երեխաներից քնեցնելուց հետո երկուսով պառկել են իրենց մահճակալին: Անկողնում պառկելուց հետո ամուսիներով զրուցել են իրենց ընտանեկան վիճակից, կնոջ վարքագծից, քննարկել են, թե ինչպես անեն, որ ամեն ինչ նորմալ լինի: Ինքը կնոջն առաջարկել է, որ նա ճշիտ ուղի բռնի, խնդրել է որպեսզի նա դադարի դավաճանել իրեն, վերադառնա նորմալ կյանքի, երեխաներին նորմալ մայրություն անի, սակայն Հասմիկը հրաժարվել է ետ կանգնել իր անբարո կյանքից` ավելացնելով, որ այդ ամենն իրեն դուր է գալիս:

Ինքը և կինը ամբողջ գիշեր զրուցել են նշված թեմայի շուրջ և առավոտյան զրույցի ընթացքում կինն իրեն անինքնասեր է անվանել, ասել է, որ երեխաներին նորմալ հայրություն չի անում, ապա իր հասցեին սեռական բնույթի հայհոյանք է տվել` ավելացնելով, որ ինքն ապրելու իրավունք չունի: Ինքն էլ կնոջ լկտի պահվածքից, նրա դավաճանություններից հոգնած, զզված, հիասթափված անկողնում շրջվել է դեպի կինը, երկու ձեռքերով բռնել է նրա պարանոցից և երկու ձեռքերի բութ մատներով սեղմելով կնոջ պարանոցը՝ խեղդամահ է արել նրան: Ձեռքերով պարանոցը սեղմելու ժամանակ կինը որևէ դիմադրություն ցույց չի տվել, իսկ ինքը ձեռքերով սեղմելով հասկացել է, որ սպանում է կնոջը, սակայն մտածել է, որ ավելի լավ է վերջինս մահանա, քան նրա պատճառով ինքը խայտառակ լինի ամբողջ գյուղում: Մի քանի րոպե ձեռքերով պարանոցը սեղմելուց հետո նկատել է, որ կինն անշարժացել է, հասկացել է, որ սպանել է նրան, որից հետո բաց է թողել պարանոցը: Հասկացել է, որ սխալ, հակաօրինական արարք է կատարել, կատարածի համար անկեղծորեն զղջում է:

Դատարանը որպես ապացույց վկայակոչել է մի քանի վկաների ցուցմունքներ. վկաներից մեկն ամբաստանյալի հորաքրոջ որդին է եղել, ով նախաքննության ընթացքում հայտնել է, որ դեպքի օրը գտնվել է տանը և այդ ժամանակ իրենց տուն է այցելել համագյուղացինմերից մեկը, ով ամբաստանյալի հարևանն է, և հայտնել է, որ վերջինս սպանել է կնոջը: Ապշելով այդ լուրից՝ չի հարցրել, թե դեպքն ինչպես է տեղի ունեցել, այլ միայն վերջինիս ասել է, որ գնա ամբաստանյալի տուն, ինքը կհանգնվի և կգնա նրա հետևից: Մոտ 5-10 րոպե անց` մինչ իր կողմից շորերը հագնելը, իրենց տան բակից լսել է ամբաստանյալի աղջկա ձայնը, ով իրեն է կանչել: Անմիջապես բացել է տան մուտքի դուռը, որի դիմաց հանդիպել է աղջկան, որն իրեն ասել է, որ հայրն իրեն է կանչում: Դուրս գալով տանից՝ տան մուտքի աստիճանների վրա հանդիպել է ամբաստանյալին և հարցրել, թե ինչ է պատահել: Վերջինս էլ պատասխանել է, որ կինը մահացել է` ինքը նրան սպանել է: Ինքը հարցրել է, թե ինչու է նման քայլի դիմել, նա էլ պատասխանել է, որ իր համբերության բաժակը լցվել է և նա չի կարողացել այլևս համբերել կնոջ դավաճանությունները: Ինքն էլ դեպքի մասին այլևս ոչինչ չհարցնելով՝ ամբաստանյալին խորհուրդ է տվել ինքնակամ հանձնվել իրավապահ մարմիններին, որն էլ իրենից տաքսու գումար վերցնելով ինքնակամ ներկայացել է ոստիկանություն:

Ամբաստանյալի հարևանը ցուցմունք է տվել այն մասին, դեպքի նախորդ օրը ամբաստանյալը, նրա կինը և նրանց երկու երեխաները հյուրընկալվեն են իրենց տանը: Նստել են, սուրճ խմել, զրուցել առօրյայից, որից հետո հարևանները հեռացել են: Հաջորդ օրը 2014 թվականի հունվարի 13-ին դուրս է եկել տանից անասուններին կերակրելու նպատակով և այդ ժամանակ իրենց տան դռան մուտքի մոտ հանդիպել է ամբաստանյալին և երկու երեխաներին: Տեսնելով նրանց երեխաներին հարցրել է, թե որտեղ է նրանց մայրը և աղջիկը պատասխանել է, որ մայրը քնած է: Ապա ինքը ամբաստանյալին ասել է, որ տուն մտնի, իսկ ինքը կենդանիներին կերակրելուց հետո կմիանա նրան, որից հետո ինքը գնացել է անասնագոմ: Քիչ անց այդտեղ է գնացել նաև ամբաստանյալը և մոտենալով իրեն ասել է, որ կինը մահացել է: Ինքն էլ հարցրել է՝ ինչպես է նա մահացել, որին ամբաստանյալը պատասխանել է, որ կնոջն ինքն է սպանել: Այդ ամենից մի պահ անակնկալի է եկել, որից հետո ամբաստանյալին հարցրել է, թե ինչպես է սպանել, և նա կարճ պատասխանել է, որ հենց այդպես` սպանել է: Դրանից հետո ինքն անմիջապես գնացել է հորաքրոջ որդու տուն և պատմել տեղի ունեցածի մասին, բացի այդ այդ մասին պատմել է համագյուղացիներին, որոնց հետ մոտ մեկ ժամ հետո մտել է ամբաստանյալի տուն, որտեղ սենյակներից մեկի մահճակալի վրա հայտնաբերել են ամբաստանյալի կնոջ անշնչացած դին: Ըստ դատարանի՝ վկան իր ցուցմունքում նշել է, որ տեղյակ չէ, թե ամբաստանյալն ինչու է սպանել կնոջը, սակայն որքանով իրեն հայտնի է՝ նա որպես կին շատ փնթի է եղել, կեղտոտ է պահել իրենց տունը, չի հետևել երեխաներին, չի պահպանել հիգենայի կանոները, բացի այդ էլ դեպքից մոտ մեկ տարի առաջ ամբաստանյալն իրեն հայտնել է, որ ցանկանում է զանգահարել կնոջ հորը, կանչել իրենց տուն և վերջինիս հետ զրուցել իր աղջկա վարքագծի վերաբերյալ, քանի որ կինը նրան չի լսում և տարբեր տղամարդկանց հետ ինտիմ կապի մեջ է գտնվում:

Դատահոգեբուժական փորձաքննությամբ՝ ամբաստանյալը մեղսունակ է ճանաչվել, փորձագետները նշել են, որ նա ինչպես դեպքի օրը, այնպես էլ ներկայումս նա կարող էր և կարող է գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը և ղեկավարել դրանք, հոգեկան հիվանդությամբ չի տառապել և չի տառապում:

Նշենք, որ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտնելու հրապարակումից մեկ ամիս անց. այդ ընթացքում այն կարող է բողոքարկվել քրեական վերաքննիչ դատարանում:

Տեսանյութեր

Լրահոս