Ուգուլավայի կալանավորման պատճառով սրվել են Վրաստանի ու ԵՄ-ի հարաբերությունները. մամուլ
Ռուսական Коммерсант թերթի փոխանցմամբ՝ ԵՄ-ը խստացնում է Թբիլիսիի հանդեպ իր վերաբերմունքը՝ կապված Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավային կալանքի տակ առնելու հետ: ԵՄ-ը սպառնում է չեղյալ հայտարարել վիզային ռեժիմի վերացման շուրջ Վրաստանի հետ բանակցությունները:
Նախօրեին Վրաստանի՝ եվրաատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլիի և Վրաստանում ԵՄ-ի ներկայացուցչի միջև տարաձայնությունները վերաճել են հանրային լեզվակռվի:
Պետրիաշվիլին Facebook-ի իր էջում բավական հեգնանքով է արտահայտվել ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի կողմից Ուգուլավայի կալանավորման կապակցությամբ մտահոգություն հայտնելը. «Միգուցե Ֆրանսիային ԵՄ-ից բացառեն Սարկոզիին կալանավորելու պատճառով»:
Ի պատասխան՝ Թբիլիսիում ԵՄ-ի ներկայացուցիչ Ֆիլիպ Դմիտրովը հանդես է եկել բավական կոշտ հայտարարությամբ՝ Վրաստանի իշխանություններին կոչ անելով անսալ ԵՄ-ի կարծիքին՝ տհաճ անակնկալներից խուսափելու համար.
«Բնականաբար, Ֆրանսիային չեն բացառի ԵՄ-ից: Սակայն չեմ կարող նույն վստահությամբ ասել, որ Վրաստանին երաշխավորված է ոչ վիզային ռեժիմ ԵՄ-ի հետ»: ԵՄ-ն ու Վրաստանը հունիսի 27-ին ստորագրել են Ասոցացման համաձայնագիր: