Դավութօղլուն պաշտոնական այցով մեկնում է Ուզբեկստան
Haber 7-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հուլիսի 10-12-ին պաշտոնական այցով կգտնվի Ուզբեկստանում: Այս մասին նշված է Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:
Վերջին անգամ Թուրքիայի արտգործնախարարն Ուզբեկստան էր այցելել 13 տարի առաջ: Դավութօղլուն Ուզբեկստանում ունենալիք հանդիպումների ժամանակ քննարկելու ՝ երկու երկրների միջև հարաբերությունների ու համագործակցության հարցը և դրանց հեռանկարները:
Քննարկվելու են նաև տարածաշրջանային ու միջազգային հարցեր: Դավութօղլուն գտնվելու է նաև Սամարղանդում ու Բուխարայում: 2013 թվականին երկու երկրների միջև առևտրի շրջանառությունը կազմել է մոտ 1.25 միլիարդ դոլար: Ներկայումս Ուզբեկստանում գործում է 450 ընկերություն:
Հիշեցնենք, որ թյուրքալեզու վեցերորդ երկիր համարվող Ուզբեկստանը վարում է թուրքական ազդեցության զսպման կոշտ քաղաքականություն և դեռ չի անդամակցել Թյուրքալեզու երկրների Խորհրդարանական վեհաժողովին: Ուզբեկստանի ղեկավարությունը մասնավորապես պայքարում է Թուրքիայի տնտեսական և մշակութային ազդեցության դեմ:
Մի քանի տարի առաջ, երբ Ուզբեկստանի նախագահ Իսլամ Կարիմովը Տաշքենդի օդանավակայանում դիմավորում էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին, կատակով ասել էր. «Նեղաչյաներն այստեղից հեռացան ձիերով, կապուտաչյաները վերադարձան ինքնաթիռով»: Դա Թուրքիայում բուռն քննարկումների տեղիք էր տվել: