Դավութօղլուն քննադատել է Իհսանօղլուին
Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն քննադատել է ընդդիմության նախագահի թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուին, ով երկար տարիներ հանդիսացել է Իսլամական համագործակցություն կազմակերպության (ԻՀԿ) ղեկավարը:
Դավութօղլուի մոտ դժգոհություն է առաջացրել արաբա-իսրայելական հակամարտության վերաբերյալ Իհսանօղլուի արած հայտարարությունը: Դավութօղլուն հայտարարել է, որ Իհսանօղլուն մոռացել է առավել վաղ իր գլխավորած կառույցի նշանակման մասին, որի դերը հանդիսանում է պաղեստինյան խնդրի լուծումը:
Դավութօղլուն ընդգծել է, որ նրանք, ովքեր Թուրքիային չեզոքության կոչ են անում արաբա-իսրայելական հակամարտության հարցում, ակամա աջակցում են պաղեստինյան հողերի օկուպացմանը:
Սրանից առաջ Իհսանօղլուն հայտարարել էր, որ Անկարան պետք է չեզոքություն պահպանի արաբա-իսրայելական հակամարտության և հատկապես Պաղեստինի հարցում.
«Կան արաբական երկրներ, որոնք, չնայած Պաղեստինի հակամարտությանը, լավ հարաբերություններ ունեն Իսրայելի հետ: Թուրքիան պետք է շարունակի միջնորդել պաղեստինյան ճգնաժամի կարգավորման հարցում»: