Ալիևը հայտարարել է, որ 11 տարում երկկողմ հանդիպումներում որևէ քննադատություն չի լսել եվրոպացի առաջնորդներից

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արտերկրում Ադրբեջանի դեսպանների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե կարծում է, որ Եվրոպայի Խորհրդում կան հակաադրբեջանական խմբավորումներ, որոնք գործում են բազում տարիներ.

«ԵԽԽՎ-ում կա հայկական լոբբիի, ինչպես նաև Ադրբեջանի հանդեպ կանխակալ դիրքորոշում զբաղեցրած պատգամավորներ»: Ալիևն Ադրբեջանի «խոշոր հաղթանակ» է որակել Քրիստոֆ Շտրասերի պատրաստած քաղբանտարկյալների մասին զեկույցի տապալումը:

Ալիևը կարևորել է Եվրոպայի Խորհրդում ակտիվորեն աշխատելը՝ հայտարարելով, որ ներկայումս իրենք շատ ամուր և առողջ երկկողմ հարաբերություններ ունեն եվրոպական երկրների հետ: Ալիևն ընդգծել է, որ երկկողմ ձևաչափով եվրոպական երկրների ղեկավարներից երբևէ չի լսել որևէ քննադատություն.

«Այս 11 տարում (Ալիևն Ադրբեջանի նախագահ է դարձել 2003 թվականին) եվրոպացի առաջնորդները երկկողմ ձևաչափով երբեք որևէ խոսք ինձ չեն ասել՝ կապված մեր ներքին քաղաքականության հետ:

Այսօր ես առաջին անգամ եմ խոսում այդ մասին: Բնականաբար, միջազգային կազմակերպությունները պետք է խոսեն, այդպիսին է նրանց քաղաքական կյանքը»:

Ալիևը փոխգործակցության կոչ է արել դեսպանատներին ու «ադրբեջանական սփյուռքի» կազմակերպություններին՝ ընդգծելով, որ այդ կազմակերպությունները պետք է համախմբվեն դեսպանատների շուրջ:

Տեսանյութեր

Լրահոս