Սեյրան Օհանյանն այցելել է զորամաս (լուսանկարներ)
Հուլիսի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը աշխատանքային շրջայցով եղել է Հայաստանի հյուսիսարևելյան հատվածում տեղակայված զորամասերում ու մարտական հենակետերում:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը տեղում ծանոթացել է հենակետերում դիրքապահների ծառայության պայմաններին, հետևել է զորամասերում ընթացող կապիտալ շինարարական աշխատանքներին:
Սեյրան Օհանյանը զրուցել է զինծառայողների հետ, ծանոթացել առկա խնդիրներին, խրախուսել է ծառայության ընթացքում առավել աչքի ընկած և կարգապահ զինծառայողներին:
Զորամասերի հրամանատարական կազմին տրվել են համապատասխան ցուցումներ, հանձնարարվել է սեղմ ժամանակահատվածում շտկել արձանագրված բացթողումները:
Շրջայցի ընթացքում պաշտպանության նախարարը բանակային զորամիավորման հրամանատարության հետ քննարկել է սահմանագծի օպերատիվ իրավիճակը:
Սեյրան Օհանյանը Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի հետ միասին հանդիպել է նաև մարզի սահմանամերձ մի քանի գյուղերի գյուղապետերին, նրանց հետ քննարկել սահմագոտու բնակչության խնդիրները: Պաշտպանության նախարարը աջակցություն է ցուցաբերել գյուղապետերի առաջադրած մի շարք խնդիրների:
ՀՀ պաշտպանության նախարարություն