Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի հատվածի դեմ Protective Edge գործողությունը սկսելու մասին
The Jerusalem Post թերթի փոխանցմամբ՝ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ արմատական խմբավորման դեմ գործողությունների սկսելու մասին՝ կապված Գազայի հատվածի կողմից հրթիռակոծությունների չդադարելու հետ: Հրթիռների արձակման պատասխանատվությունն ստանձնել է ՀԱՄԱՍ-ը:
Պաղեստինցի զինյալները գործնականում միաժամանակ Իսրայելի հարավի ուղղությամբ արձակել են մոտ երկու տասնյակ հրթիռ՝ դրանց արձակման թիվը մեկ օրում հասցնելով մինչև 70-ի: Դա ռեկորդային ցուցանիշ է Գազայի հատվածի ու Իսրայելի միջև դիմակայության ներկա փուլում:
Դրա հետ կապված՝ Իսրայելի բանակը ձեռնարկել է Protective Edge («Պաշտպանության բնագիծ») գործողությունը, որի նպատակն է վերջ դնել Իսրայելի քաղաքացիների հանդեպ տեռորին: Տվյալ գործողությունը նախատեսում է զանգվածային ավիահարվածներ հասցնել Գազայի հատվածում գտնվող ՀԱՄԱՍ-ի զինյալների օբյեկտներին:
ՑԱԽԱԼ-ը զորահավաք է հայտարարել ՀՕՊ-ի ռեզերվիստների շրջանում, ինչպես նաև հաստիքային ծառայողների շրջանում: Դրա հետ մեկտեղ արտոնվել է պահեստազորից ևս 1500 մարդ զորակոչելը: