Վովա Վարդանով. «Պետք է սարսափի գոտի տարածել Հայաստանի շուրջ, որը հնարավոր է միայն ականային պատերազմի միջոցով»

Դիվերսիոն հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը և քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում անդրադարձան ադրբեջանական կողմի շարունակական դարձած դիվերսիաներին, Ֆրանսիայի կողմից «Ազերկոսմոսին» հետախույզ արբանյակի վաճառքին ու տարածաշրջանում ծայրահեղ իսլամիստական տրամադրությունների աճի ու Ադրբեջանի քաղաքականության կուրսի փոփոխություններին:

Վովա Վարդանովը խոսեց նախ Նախիջևանի սահմանում վերջին օրերին հայկական կողմի հատուկ գործողությունների մասին ու ասաց, որ ինքը հատուկ գործողությունների կողմնակից է. «Վերջին 20 տարվա մեջ մենք առաջին անգամ ունեցանք հատուկ գործողություն, որի արդյունքում այն տարածքները, որտեղ մեր հովիվները երբեք չէին մտնում, հիմա արդեն այնտեղ են արածեցնում իրենց անասուններին: Բացի այդ` մեծ տարածություն է հսկողության տակ վերցվում` գոնե վիզուալ առումով»,- ասաց Վովա Վարդանովը:
Վերջինս խոսեց նմանատիպ գործողությունների կարևորության մասին և ասաց, որ մեր բանակը՝ ռուսական ոճով կառուցված լինելով, զերծ է մնում դրանցից. «Այսպիսի գործողություններին նույնիսկ ռուսն է մեծ նշանակություն տալիս, երբ փոքրաթիվ ուժերով հասնում ես մեծ նպատակների, իսկ մենք հիմա հատուկ գործողությունների կենտրոնացած շտաբ չունենք, մեր հատուկ նշանակության ազգային անվտանգության զորքերը ցրեցինք մի քանի տարի առաջ, մեր գեներալիտետը տարված է ռուսական բանակի 45թ. գեներալների մտքերով ու հատուկ զորքերին ուշադրություն չեն դարձնում»,-ասաց նա:

Լրագրողներից մեկը հարցրեց, թե ինչո՞ւ են Ադրբեջանի դիվերսիաները անկախ հայկական կողմի պատասխանի ուժգնությունից ավելի ակտիվացել: Վովա Վարդանովը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ ին- որ դիրք գրավելը կամ մի քանի թուրքի մարմին փռելը կկանգնեցնի դա, որը ընդհանուր պրոցես է, այսինքն` մենք ունենք թուրք հարևան, որը միշտ էլ դիմելու է նման քայլերի՝ թեկուզ հազարներով սպանենք: Պետք է սարսափի գոտի ստեղծել, ինչպես արեցին մեր տղաները Նախիջևանի սահմանում, սակայն հետո տիպիկ հայկական բարությունը հանգեցրեց նրան, որ թուրք չոբանը սարն անցնում ու արածեցնում է իր անասուններին, որը չէր կարելի թույլ տալ: Պետք է ականի վրա չոբանը պայթի, 10կմ այն կողմ գտնվող մի գյուղում, երբ գյուղացին գործ է անում դաշտում, պետք է հետը մի դժբախխտ դեպք պատահի: Պետք է սարսափի գոտի տարածել Հայաստանի շուրջ, որը հնարավոր է միայն ականային պատերազմի միջոցով»,- նշեց Վ. Վարդանովը:

Լրագրողներց մեկի հարցին, թե արդյոք դա հակամարդկային չէ՞, Սերգեյ Շաքարյանը պատասխանեց. «Հակամարդկային է ազգին մոլորեցնել, խաբել` ասելով, թե այստեղ եվրոպական արժեքներ են գործում, այն դեպքում, երբ մենք պատերազմական իրավիճակում գտնվող երկիր ենք ու ամեն վայրկյան պետք է մտածենք, որ շրջապատում կան կոնկրետ ուժեր՝ կոնկրետ հակահայկական ծրագրերով: Հրադադարը պատերազմի ավարտը չէ: Մենք չպետք է մեծ տերություններին լսելով՝ ականազերծենք մեր սահմանային տարածքները: Ո՞ւմ համար ենք բացում ճանապարհները. որպեսզի թուրքերին ըստ ժողովրդավարական ծրագրերի բերենք հե՞տ: Եթե թուրքը խաղաղություն է ուզում, թող հանձնվի, նա չի շահել պատերազմում», ասաց Ս. Շաքարյանը:

Խոսվեց նաև մեծ տերությունների արձագանքներից Նախիջևանի սահմանում տեղի ունեցած դեպքերի հետ կապված և Ս. Շաքարյանն իր դժգոհությունը հայտնեց այս առիթով՝ ասելով, որ սխալ է միայն երկու կողմերին խաղաղության կոչեր անել այն դեպքում, երբ Մինսկի խմբի փաստաթղթերում հստակ նշված է, որ հակամարտությունը ունի երեք կողմ:

Վ. Վարդանովը, անդրադառնալով մեծ տերությունների կողմից Թուրքիային ռազմական օժանդակությանը, ասաց. «Թուրքիային զինում են ոչ միայն ԱՄՆ-ը կամ մյուս երկրները, այլ հենց մեր դաշնակից Ռուսաստանը: Պանդորայի արկղը հենց ռուսը բացեց: Քաղաքականության մեջ բարեկամ հասկացողություն միայն հիմարը կարող է ունենալ, եթե մենք հիմար չենք, ուրեմն պետք միայն մեր վրա դնենք մեր հույսը»:
Վովա Վարդանովը քննադատեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե գնդակը տվել է թուրքերին, այն հիմա նրանց դաշտում է.

«Ֆուտբոլի կանոններն այլ են. չպետք է գնդակը տալ, այլ պետք է քեզ մոտ պահես, տանես ու գոլ խփես: Մեր նախագահը ֆուտբոլ խաղալ չի սովորել, հետևաբար այն չինովնիկները, ովքեր իրեն շատ են սիրում` նույն կերպ են վարվում. ինիցիատիվան տվել են թուրքերին: Թուրքը մի ստորություն է անում` մենք պատասխանում ենք, բայց մենք պետք է նախահարձակ լինենք, թելադրենք մեր կամքը»,-ասաց նա:
Թուրքերին կասեցնելու միակ միջոցը Վովա Վարդանովը համարում է ակտիվ գործողությունները սահմանամերձ տարածքներում, որը պետք է արվի լեզգիների, թալիշների և այլ ազգերի միջոցով: Իսկ Ֆրանսիայի կողմից «Ազերկոսմոսին» հետախույզ արբանյակի վաճառքի մասին խոսելով` Վովա Վարդանովն ասաց, որ մեզ դրանից որևէ վտանգ չի սպառնում:

Տեսանյութեր

Լրահոս