Իրավաբան Ալոյանը Գագիկ Ծառուկյանին որպես վկա հրավիրում է դատարան
Իրավաբան Նարեկ Ալոյանը բաց նամակ է հղել Գագիկ Ծառուկյանին, որում ասված է.
«Հարգելի, պարոն Ծառուկյան. Ս/թ հունիսի 30-ին ես միջնորդություն եմ ներկայացրել դատարան Նարեկ Ալոյանն ընդդեմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դատական գործով Ձեզ որպես վկա դատարան հրավիրելու վերաբերյալ։ Հուսով եմ, որ Դուք որպես կուսակցության առաջնորդ, որպես հայ տղամարդ չեք խուսափի անձնական պատասխանատվությունից և կներկայանաք դատարան։ Ցավում եմ, որ ԲՀԿ-ի շարքերում չգտնվեց գեթ մեկ անձ, ում ԲՀԿ-ն կվստահեր ներկայացնել կուսակցության շահերը դատարանում և արդյունքում կուսակցությունը ստիպված եղավ օգնություն հայցել «Էստո» իրավաբանական գրասենյակից։
Մի կողմից իհարկե շոյված է իմ մասնագիտական ինքնասիրությունը՝ ես ընդանենը 23 տարեկան սկսնակ իրավաբան եմ, իսկ այս դատական գործն իմ առաջին դատական գործն է, բայց այնուամենայնիվ որպես հայրենասեր անհատ ցավում են, որ իմ երկրի ԱԺ-ում ներկայացվածությամբ երկրորդ կուսակցությունը իր երկրի քաղաքացու հետ դատական վեճում ի զորու չէ ինքնուրույն հանդես գալ դատարանում և դիմում է մասնավոր իրավաբանների օգնությանը։
Իմ հայցին ԲՀԿ լիազորված անձ՝ փաստաբան Դավիթ Մանթաշյանի ներկայացրած պատասխանը ցույց տվեց, որ դատական գործի բազմակողմանի և օբյեկտիվ քննության համար անհրաժեշտ է Ձեզ դատարան հրավիրել։ Ուստի հորդորում եմ Ձեզ, չառարկել միջնորդությանը և ինքնակամ ներկայանալ դատարան։ Ձեր կուսակցության դեմ դատական գործ է քննվում դատարանում և իմ համոզմամբ կուսակցության առաջնորդի կողմից ազնիվ և արժանապատիվ քայլ կլինի դատարան ներկայանալը, սեփական կուսակցության թիկունքին կանգնելը և իհարկե արդարության հաստատմանը նպաստելը։ Ինչևիցե, կարծում եմ օգոստոսի 21-ին կայանալիք դատական նիստը շատ հարցերի պատասխան կտա»։
Հարգանքներով՝ Նարեկ Ալոյան