Յացենյուկը քննադատել է խորհրդարանին
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը խորհրդարանի լիագումար նիստում պատգամավորներին առաջարկել է խորհրդակցություններ սկսել կառավարության կազմի փոփոխման շուրջ, ինչը միտված է կառավարության ուժեղացմանը:
Յացենյուկը քննադատել է Գերագույն ռադային՝ պոպուլիստական օրենքներ ընդունելու համար, որոնց իրագործման համար միջոցներ չկան պետբյուջեում: Նրա խոսքերով՝ վերջին 4 ամսում խորհրդարանն ընդունել է 8 օրենք, որոնք մինչև 2016 թվականը պահանջում են 11.5 միլիարդ գրիվնա:
Եթե դրան գումարվի նախագահի ստորագրությանը սպասող 6 օրենքը, ապա այդ գումարին կհավելվի ևս 34 միլիարդ գրիվնա, մինչդեռ բյուջում չկան նման գումարներ:
Յացենյուկը հիշեցրել է, որ Գերագույն ռադան բազային օրենք է ընդունել ֆինանսական ճգնաժամի հաղթահարման մասին, որը հնարավորություն է տվել ԱՄՀ-ից վարկից առաջին տրանշը ստանալու.
«Ընդգծում եմ, որ դա ԱՄՀ-ի միայն առաջին տրանշն է: Մյուս տրանշների համար մեզ անհրաժեշտ է ընդունել համապատասխան օրենքներ: Դժբախտաբար կառավարության առաջարկած երկու տասնյակ այլ օրենքները չեն ստացել խորհրդարանի աջակցությունը»: