Թեննեսիի բնակիչը վիճակախաղով շահել է գրեթե 260 միլիոն դոլար
Oak Ridge Today պարբերականի փոխանցմամբ՝ Թեննեսիի բնակիչ, 58-ամյա Ռոյ Քոքրումը 259.8 միլիոն դոլար է շահել Powerball վիճակախաղով, ինչը ռեկորդային ցուցանիշ է նահանգի պատմության մեջ: Նա ջեք-փոթ է շահել, ինչից հետո կազմակերպիչներին է ներկայացրել իր տոմսը, որում համընկել են բոլոր վեց թվերը:
Շահումից հետո Քոքրումը սպասել է մի քանի շաբաթ և հետո նոր գնացել է գումարը ստանալու: Նա պահանջել է ողջ գումարը վճարել անմիջապես, թեև առավելագույն շահումը, կանոնների համաձայն, կարելի է ստանալ 30 տարվա ընթացքում տարեկան վճարումների միջոցով:
Բոլոր հարկերի վճարումից հետո Քոքրումի հաշվեհամարին կմնա 115.147.525 դոլար և 50 սենթ: Նա մտադիր է խոշոր նվիրատվություններ կատարել բարեգործական ու կրոնական կազմակերպություններին, որոնց ցուցակն արդեն իսկ կազմված է: