ՖԻՖԱ-ն կդիտարկի Աշխարհի առաջնության խաղերում չորրորդ փոխարինումն անելու հնարավորությունը
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՖԻՖԱ-ն դիտարկելու է Աշխարհի առաջնության հանդիպումների ժամանակ ավելացված ժամանակում չորրորդ փոխարինումը թույլատրելու հնարավորությունը:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՖԻՖԱ-ի տեխնիկական կոմիտեի անդամ, նախկինում հանրահայտ մարզիչ Ժերար Ուլիեն. «Չորրորդ փոխարինումը լավ գաղափար է, սակայն միայն այն դեպքում, եթե այն իրականացվի ավելացված ժամանակում:
Բրազիլիայում ընթացող Աշխարհի առաջնությունն ամենաինտենսիվն է պատմության մեջ: Մենք տեսանք, թե ինչպես են խաղերի ժամանակ տեղի տալիս ֆուտբոլիստների մկանները, ինչի համար էլ մարզիչները հարկադրված փոխարինումներ են կատարում:
Դրա համար էլ հետաքրքիր է թվում խաղի ավելացված ժամանակում թիմերին 4-րդ փոխարինումն իրականացնելու թույլտվություն տալու գաղափարը: Ավելացված ժամանակում կատարված փոխարինումները կարող են թարմացնել խաղը, այն դարձնել ավելի թեթև ու արագ»:
Ուլիեի խոսքերով՝ Բրազիլիայում ընթացող ֆուտբոլային մրցաշարում փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստները խփել են 29 գոլ, ինչը ռեկորդային ցուցանիշ է Աշխարհի առաջնությունների պատմության մեջ:
Բացի այդ, 1/8 եզրափակչի 8 խաղերից 5-ը տևել է 120 կամ ավելի րոպե, որոնցում հաղթողին ի հայտ է բերել ավելացված ժամանակը կամ էլ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարը:
Հուլիսի 4-5-ին Բրազիլիայի դաշտերում իրենց ուժերը կչափեն 1/4 եզրափակչի մասնակիցները՝ Գերմանիա-Ֆրանսիա, Բրազիլիա-Կոլումբիա, Արգենտինա-Բելգիա, Նիդերլանդներ-Կոստա Ռիկա: