Հայաստանում փոփոխություն կլինի այն ժամանակ, երբ այս ստրկամտությունը դադարի գոյություն ունենալ. Արարատ Զուրաբյան. «Ժամանակ»

«Ժամանակ»-ի զրուցակիցն է ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը:

-Պարոն Զուրաբյան, չնայած վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ Հայաստանը ԵՏՄ անդամ կդառնա հուլիսի 3-ին, սակայն երեկ արդեն Ղազախստանի ԱԳ նախարարը հայտարարեց, որ անդամակցումը տեղի կունենա հոկտեմբերին: Ամեն դեպքում, երբ Վրաստանն արդեն ստորագրել է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը, ի՞նչ եք կարծում, Հայաստանի և Վրաստանի հարաբերություններն ի՞նչ բնույթ կունենան. երկու հարևան պետություններ հայտնվում են իրար հակադիր համակարգերում, և թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական համագործակցության ձևաչափն անկասկած կփոխվի:

-Եթե Հովիկ Աբրահամյանի ասածն իրականություն դառնա, և Հայաստանն անդամագրվի Եվրասիական տնտեսական միությանը, ապա հենց այդ օրը տեղի կունենա անկախ Հայաստանի անկախության կորստի առաջին քայլը կամ հաջորդ քայլը, որովհետև առաջին քայլը կարող ենք հաշվել նախորդ տարվա սեպտեմբերի 3-ը: Ցավում եմ, որ հնարավոր է՝ սա իսկապես տեղի ունենա:

Տա Աստված, որ Բելառուսն ու Ղազախստանը որոշակի բարդություններ այս ճանապարհին ստեղծեն Հայաստանի համար և խոչընդոտեն Հայաստանի մուտքը, որովհետև թե՛ Բելառուսի, թե՛ Ղազախստանի իշխանությունները, նույնիսկ լինելով հետադիմական, իրենց երկրների շահն են պաշտպանում: Նրանք կարծում են, որ Հայաստանի առկայությունը Եվրասիական տնտեսական միությունում ստեղծելու է անհարմարություն իրենց համար, որովհետև Հայաստանը հլու-հնազանդ քվեարկելու է Ռուսաստանի բարձրացրած ցանկացած հարցի օգտին, դրանով իսկ Բելառուսն ու Ղազախստանը որոշակիորեն կորուստներ են ունենալու:

Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա նախ և առաջ ուզում եմ, առիթից օգտվելով, շնորհավորել թե՛ վրացի, թե՛ ուկրաինացի և թե՛ մոլդովացի հասարակություններին. նրանք ընտրել են քաղաքակիրթ զարգացման ճիշտ ուղին, և այդ հասարակությունները շատ կարճ ժամանակահատվածում կինտեգրվեն քաղաքակիրթ աշխարհին ու կունենան լուրջ ապագա: Ցավոք սրտի, նույնը չենք կարող ասել մեր մասին:

Վրաստանի եվրոպական ընտրությունը և Հայաստանի եվրասիականացումը բերելու են նրան, որ Հայաստան-Վրաստան սահմանին ձևավորվելու է մի նոր բաժանարար գիծ, և եթե ինչ-որ ժամանակ հետո Վրաստանը գնա ՆԱՏՕ, որտեղ որ ձգտում է, այս բաժանարար գիծը կդառնա նաև ռազմաքաղաքական բաժանարար գիծ: Եթե մեր իշխանություններին հաճույք է պատճառում այն հանգամանքը, որ պետք է սպասարկենք ռուսական սապոգը, ապա, կարծում եմ, հայ ժողովրդի իղձերի և ապագայի տեսլականի հետ դա որևէ առնչությունչունի:

Ինչևէ, սա է մեր իրողությունը, և այս իրողության պատճառը հայաստանյան իշխանություններն են, սա գալիս է մեր կեղծված ընտրություններից, որի արդյունքում ձևավորվում է ապօրինի իշխանություն, որն էլ կոնկրետ իր լեգիտիմությունը փորձում է ինչ-որ տեղ ստանալ: Իսկ Եվրասիական գոտու պետությունների մոտ հնարավոր է դա ստանալ, բայց քաղաքակիրթ աշխարհում (ինչքան էլ որ նրանք ողջունում են այս ընտրությունները ժամանակ առ ժամանակ), միևնույն է, շատ լավ բոլորը պատկերացնում են, թե ինչ իշխանության հետ գործ ունեն:

-Տեսնելով, թե ինչպես է բարգավաճում հարևան երկիրը, ինչպես է օր օրի զարգանում, ինչ առավելություններ է ստանում՝ 2016 թվականին արդեն ԵՄ-ի հետ ազատ վիզային ռեժիմ կսահմանի, չե՞ք կարծում, որ հնարավոր է՝ Հայաստանի ընտրության հարցում էլ դրական փոփոխություն լինի:
-Մենք տեսնելու բան չունենք, մենք արդեն տեսել ենք, թե Վրաստանն ինչպես է զարգանում, Վրաստանը, դեռևս չասոցացված վիճակում կատարելով ճիշտ քաղաքակրթական ընտրություն, այս կարճ ժամանակահատվածում զարգացում է ապրել, և ցանկացած մարդ, ով եղել է Վրաստանում, կարծում եմ, որ դրանում համոզվել է: Ինչ վերաբերում է նրան, թե ինչ զարգացումներ են լինելու, ինչ փոփոխություններ, ապա մենք կարող ենք վերցնել Խորհրդային միության մի ուրիշ հատվածի տվյալները, օրինակ՝ մերձբալթյան երեք հանրապետությունները Եվրամիության անդամ են, և դրանիցց ամենափոքրի բյուջեն երեք-չորս անգամ ավելի մեծ է, քան Հայաստանինը: Էստոնիայի մայրաքաղաք Տալինի բյուջեն մոտ ութ-տասն անգամ ավելի մեծ է, քան կրկնակի ավելի բնակչություն ունեցող Երևանինը և այլն: Այսինքն՝ նույնիկսկ պետք չէ սպասել՝ տեսնելու, թե դա երբ տեղի կունենա: Հավատացած եղեք, որ դա տեղի կունենա:

-Այսինքն՝ այնուամենայնիվ, տեսնելով այն առավելութունները, որ կտա եվրոասոցացման համաձայնագիրը հարևան երկրին, Հայաստանն իր որդեգրած ուղուց, Ձեր կարծիքով, չի՞ շեղվի:

-Հայաստանում փոփոխություն կլինի այն ժամանակ, երբ այս ստրկամտությունը կդադարի գոյություն ունենալուց, իսկ դա կլինի այն ժամանակ, երբ Հայաստանում օրինական ճանապարհով կձևավորվի օրինական իշխանություն: Եվ, փաստորեն, մենք՝ Հայաստանի քաղաքացիներս, ունենք մեկ տարբերակ՝ ամեն օր փորձենք պայքարել՝ հասնելու համարայն բանին, որպեսզի Հայաստանում տեղի ունենան արդար ընտրություններ, որի հետևանքով ձևավորվի իրական, լեգետիմ իշխանություն, հակառակ պարագայում մենք դատապարտված ենք մշտապես լինել քաղաքակիրթ աշխարհի լուսանցքում:

-Այդ դեպքում ո՞րն է լինելու ընդդիմության անելիքը: Մենք տեսնում ենք, որ խորհրդարանական կուսակցությունները իշխանություններից ոչ պակաս Ռուսաստանին են սպասարկում, ամեն դեպքում՝սեպտեմբերի 3-ի որոշմանը հակառակ գործողություններ չեն անում:

-Բնականաբար, դա այդպես է, ցավալի է դա արձանագրել, բայց ես կարծում եմ, որ խորհրդարանական քաղաքական ուժերի զգալի հատվածը, նույնիսկ մեծամասնությունը, սպասարկում է ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի Դաշնության շահը, ցավում եմ սա ասելով, բայց սա իրողություն է: Իրողություն, որից մենք չենք կարող փախչել, իսկ անելիքները հետրևյալն են… ես կարծում եմ, որ այն մարդիկ, ովքեր գիտակցում են, որ այս ընտրությունը ճիշտ ընտրություն չէ, պետք է փորձեն համախմբվել, հնարավորինս հզորանալ, և պայքարել կոնկրետ այն Հայաստանի համար, որը կունենա այլ քաղաքական վեկտորի ընտրություն, և ես կարծում եմ՝ այստեղ տևական, հետևողական աշխատանք պետք է կատարել: Շատ բարդ է սա, բայց մինչև դա չարվի, որևէ բան այս երկրում չի փոխվի:

-Հնարավոր համարո՞ւմ եք մինչև հերթական ընտրությունները հասնել նրան, որ Հայաստանում լեգիտիմ իշխանություն ձևավորվի, թե՞ հույսը 2017-18 թթ. ընտրություններն են:

-Երազում ենք դրա մասին:Հայաստանը քաղաքական առումով մի այնպիսի ականապատված երկիր է, որ ցանկացած պահի, ցանկացած օր կարող է որևէ բան լինել Հայաստանում: Կան քաղաքացիական նախաձեռնություններ, որոնք,հուրախություն բոլորիս, ժամանակ առ ժամանակ գրանցում են հաղթանակներ։ Չի բացառվում, որ մի օր էլ հանդես գան քաղաքական նախաձեռնություններով, քաղաքականացնեն այդ գործընթացները, նրանց էլ միանան քաղաքական ուժերը։ Եթե դա հաջողվի, ապա Հայաստանի հասարակությունը գերազանց է աշխատում, իսկ եթե ոչ՝ ապա ընտրությունների ժամանակ, անկասկած, օրինական իշխանություն հաստատելը իրականություն կդառնա, այսպես շարունակել հնարավոր չէ, այսպես շարունակելու դեպքում Հայաստանում մարդ չի մնա: Կարծում եմ, որ թեպետ ոչ բոլորն են արտահայտվում, բայց շատերն են սա գիտակցում:

Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս