Ընդդիմության հետ անվերջ հակամարտության մեջ մտնելը չի խոստանում որևէ լավ բան. Քրիստոֆեր Սմիթը՝ Իլհամ Ալիևի մասին

Ադրբեջանական Turan լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ կոնգրեսի Հելսնիկյան հանձնաժողովի ղեկավար Քրիստոֆեր Սմիթն անդրադարձել է մարդու իրավունքների ու ժողովրդավարության ոլորտներում Ադրբեջանի խնդիրներին.

«Մարդու իրավունքների ու ժողովրդավարության թեման մշտապես գտնվում է մեր ուշադրության կենտրոնում: Շաբաթ առավոտյան մենք այդ հարցերը քննարկել ենք նախագահ Ալիևի հետ: Ես բարձրացրի Անար Մամեդլիի հարցը՝ ընդգծելով, որ եթե ընտրություններով զբաղվող ՀԿ-ի ղեկավարին կալանավորում են իր գործունեության համար, ապա դա հարուցում է լուրջ մտահոգություններ:

Մենք տեղյակ ենք, որ ԵԱՀԿ-ն արդար ու ազնիվ չի ճանաչել Ադրբեջանի ընտրությունները, որոնց արդյունքներով Իլհամ Ալիևը ստացել է քվեների 85 տոկոսը: Որոշակի հարցեր չեն կարող չառաջացնել այն, որ կալանավորվում ու դատապարտվում են նրանք, ովքեր ընտրությունների ժամանակ ֆիքսել են խախտումներ:

Դա վերաբերում է ոչ միայն նրանց, ովքեր դիտարկում են անցկացրել ընտրություններում, այլև՝ բլոգերներին, լրագրողներին ու իրավապաշտպաններին: Ես այդ մասին բաց հայտարարել եմ նախագահին և նրան եմ ներկայացրել նրանց ցուցակը, որոնց մենք համարում ենք քաղբանտարկյալներ: Ալիևը միայն ասաց, որ կուսումնասիրի այդ ցուցակը»:

Անդրադառնալով «ադրբեջանական Մագնիտսկու» ցուցակ ստեղծելու մասին կոչերին՝ Սմիթը հայտարարել է, որ ներկայումս քննարկվում է նման պրակտիկան այլ երկրների վրա տարածելու հարցը. «Նման պատժամիջոցների էությունը կայանում է նրանում, որ համայն աշխարհում մարդու իրավունքների խախտումներին մասնակիցները ենթարկվեն որոշակի պատժի:

Մենք արդեն իսկ նման միջոցներ ենք կիրառել Չինաստանի, Բելառուսի նկատմամբ: Ես անձամբ եմ պատրաստել նախագահ Լուկաշենկոյի ու նրա 200 մերձավորների հանդեպ պատժամիջոցների մասին փաստաթուղթը:

Ընդդիմության հետ անվերջ հակամարտության մեջ մտնելը չի խոստանում որևէ լավ բան: Մենք այդ մասին նախագահ Ալիևի հետ խոսել ենք մեկ տարի առաջ: Ես հուսով եմ, որ մեր ներկայիս հանդիպումն արդյունք կտա»: Սմիթը հանդիպել է նաև Անար Մամեդլիի հոր հետ:

Տեսանյութեր

Լրահոս