Ռուս-վրացական հարաբերությունների կարգավորումն ընթանում է աստիճանաբար. Աբաշիձե

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ Վրաստանը Ռուսաստանի հետ բանակցությունների հաջորդ փուլում կփորձի մոտեցնել ավելի բարդ հարցերի քննարկումը:

Աբաշիձեն մանրամասնել է, որ նկատի ունի Աբխազիային ու Հարավային Օսիային առնչվող հարցերը: Նրա խոսքերով՝ Ժնևյան բանակցություններում քննարկվում են սկզբունքային հարցեր, որոնք չեն մտնում իր և Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի երկկողմ հանդիպման շրջանակներում:

Աբաշիձեն ընդգծել է, որ ռուս-վրացական հարաբերությունների կարգավորումն ընթանում է աստիճանաբար. «Կարծում եմ, որ այն քայլերը, որոնք մենք ձեռնարկում ենք, տալիս են որոշակի պատասխան: Մենք ի սկզբանե համաձայնվել ենք, որ առաջ ենք ընթանալու փոքր քայլերով: Մենք տվյալ հաշվով պատրանքներ չենք ստեղծում ո՛չ մեզ, ո՛չ էլ հասարակության համար»:

Հունիսի 18-ին անցկացված Ժնևյան բանակցություններում կողմերին չէր հաջողվել քննարկել վրացի փախստականների ու հարկադիր վերաբնակների վերադարձի հարցը:

Տեսանյութեր

Լրահոս