ԵԱՀԿ ԽՎ-ի նիստի արդյունքներով ընտրվել է նոր նախագահ և ընդունվել է Բաքվի հռչակագիրը
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվում ընթացող ԵԱՀԿ ԽՎ-ի 23-րդ նստաշրջանի վերջին օրն ընտրվել է կառույցի նոր նախագահ: Անցկացված քվեարկության արդյունքներով այդ պաշտոնում ընտրվել է Ֆինլանդիայի պատվիրակության ղեկավար Իլկա Կաներվան:
Վերջինս շնորհակալություն է հայտնել իր նկատմամբ ցուցաբերված վստահության համար և հայտարարել է, որ կարդարացնի դա: Բացի այդ, նիստի արդյունքներով ընդունվել է Բաքվի հռչակագիրը: Դրանում խոսք է գնում ԵԱՀԿ-ի տիրույթում առկա հակամարտությունները խաղաղ ճանապարհով և բանակցությունների միջոցով կարգավորելու անհրաժեշտության մասին:
Փաստաթղթում կոչ է արվում նոր միջոցներ կիրառել՝ կանխելու համար թմրանյութերի ապօրինի շրջանառումը, ընդգծվել է կիբեր պատերազմի սպառնալիքի դեմ խստացված միջոցներ կիրառելու կարևորությունը:
Կարևորվել են նաև մարդավաճառության, այդ թվում նաև սեռական շահագործման նպատակով երեխաների վաճառքի, կտտանքների դեմ պայքարը և այդ հանցանքներից տուժածներին բազմակողմ օգնություն ցուցաբերելը: