Քառյակը կշարունակի՞ գործել՝ անկախ «Ժառանգության» դիրքորոշումից
Շաբաթ օրը «Ժառանգություն» կուսակցության 10-րդ համագումարի ժամանակ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը կտրուկ գնահատականներ հնչեցրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցության վերաբերյալ և հայտարարեց, թե բացառում է «որևէ համագործակցություն որևէ մեկի ուղղորդմամբ»: Որպես հիմնավորում` նա հիշեցրեց մարտի 1-ի ոճրագործությունը և մարդու իրավունքների խնդիրները: «Ես կարծում եմ, որ ՀՀ-ն ունի նոր բանաձևի, նոր լուծման կարիք: Ներկա դրությամբ, քանի չկա համազգային օրակարգ, այսօր համագործակցությունը ներխորհրդարանական է, որի արդյունքը 12 կետն է: Ես Քոչարյանի առնչությունը չեմ տեսել քառյակին և չեմ էլ կարծում, որ երբևէ կլինի»,- ասաց Հովհաննիսյանը:
Միաժամանակ, «Ժառանգության» նախագահը քաղաքական և քաղաքացիական ուժերին կոչ արեց համախմբվելու: «168 Ժամի» հարցին, թե նման կոչի դեպքում ինչպե՞ս է բացառում Քոչարյանի հետ համագործակցությունը, Ր. Հովհաննիսյանը պատասխանեց. «ՀՀ երկրորդ նախագահը քաղաքականությունում չկա, եթե եղավ, եթե ստեղծի կուսակցություն, ներկայացնի ուղղություն, ես կարձագանքեմ, բայց շատ հարցեր կան, որ պետք է պարզվեն, մինչև նրա վերադարձը լինի»:
Ռ.Քոչարյանի հասցեին առավել կտրուկ ու մերժողական գնահատականներ հնչեցրեց կուսակցության վարչության անդամ, պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նա ևս բացառեց քառյակի և Ռ. Քոչարյանի համագործակցության հնարավորությունը:
«Դուք ո՞նց եք պատկերացնում` ՀՀ թիվ մեկ օլիգարխը, հանցագործը, ում պաշտոնավարման տարիներին մենք ունեցել ենք հսկայական ծավալի կորուստներ, 10 զոհ Երևանի կենտրոնում, բազմաթիվ քաղբանտարկյալներ, և հետո, ո՛չ հայ-թուրքական արձանագրություններն են այսօր ծնվել, և ո՛չ էլ Մադրիդյան սկզբունքները, նաև ինքը այդ քաղաքական գործընթացների մեջ է եղել: Այսօր այդ ամենի շարունակությունն է: Ի՞նչ եք կարծում, մեր գաղափարներն իրար հետ համընկնո՞ւմ են: Իհա՛րկե ոչ, մեր գաղափարները տարբեր են: Եվ Ռոբերտ Քոչարյանն առաջինը պետք է լինի մեղադրյալի աթոռին,- հայտարարեց նա և հավելեց,- Ես չեմ կարծում, որ Ռոբերտ Քոչարյանն այդքան ինքնավստահություն ունի, որ կարողանա հաղորդակցվել «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի հետ»:
Հայտնի է, որ ԲՀԿ-ն ամեն կերպ աջակցում է Քոչարյանին, և վերջին շրջանում հաճախակի դարձած նրա հարցազրույցներին ԲՀԿ-ականները դրական են արձագանքում: «Ժառանգություն»-Քոչարյան «անհամատեղելիության» պայմաններում ի՞նչ է սպասվում քառյակում ժառանգականների և ԲՀԿ-ականների համագործակցության առումով: Մեր այս հարցին ի պատասխան` ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն` իր ծրագրերով, իր վեկտորով, շարժվում է առաջ, իսկ թե որ կուսակցությունն ինչ հայտարարություն կանի տարբեր երևույթների, տարբեր գործիչների վերաբերյալ, չի խաթարում համագործակցության այս կամ այն ձևաչափը:
«Իրենք` որպես քաղաքական միավոր, ազատ են իրենց գնահատականների մեջ, ինչպես ԲՀԿ-ն է և քառյակի մյուս կուսակցությունները: Այնպես որ, եթե հիմա քառյակը գնահատականներ տա մեկ այլ գործչի, դա չի նշանակում, որ «Ժառանգության» հետ չպետք է համագործակցի»,- ասաց Մ.Մելքումյանը` վերահաստատելով, որ ինքն անձամբ դրական է գնահատում Քոչարյանի և՛ գործունեությունն անցած ժամանակահատվածում, և՛ այսօր տարբեր երևույթների նկատմամբ նրա գնահատականները:
«Միանշանակ չասեմ, որ Քոչարյանի ժամանակ ամեն ինչ շատ լավ է եղել, բայց այն գնահատականները, որ հնչեցնում է, տեղին է և իր նշանակությունն ունի: Բայց «Ժառանգության» գնահատականը թե՛ Քոչարյանի, թե՛ մյուսների նկատմամբ կարող է տարբերվել քառյակի մյուս ուժերի գնահատականներից, ինչպես մերը կամ Կոնգրեսինը կամ ՀՅԴ-ինը: Բայց դա չի նշանակում, որ մենք ինչ-որ ձևաչափով չենք համագործակցում»,- նշեց Մելքումյանը:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ «Ժառանգության» համագումարին չի հետևել, քանի որ Ստրասբուրգում է եղել. «Ինչ վերաբերում է տիկին Փոստանջյանի հայտարարություններին, ևս տեղյակ չեմ, բայց եթե անգամ տեղյակ լինեի, ես սկզբունքորեն Զարուհի Փոստանջյանի որևէ հայտարարության, որևէ մեկնաբանության չեմ անդրադառնում:
Դա իմ սկզբունքային դիրքորոշումն է»: Մեր դիտարկմանը, որ բացի Փոստանջյանից` Րաֆֆի Հովհաննիսյանն էլ է հայտարարություններ արել, Ն.Զոհրաբյանը պատասխանեց, որ ժամանակ չունենալու պատճառով Հովհաննիսյանի խոսքերին ևս չի հետևել և վաղը կրկին հրատապ կարգով մեկնում է Ստրասբուրգ:
«Քառյակի համագործակցության առումով բացարձակ որևէ խոչընդոտ չեմ տեսնում: Քառյակը շատ առողջ, շատ արդյունավետ համագործակցում է, և հույս ունեմ, որ այդ համագործակցությանը որևէ խոչընդոտ չի լինելու առաջիկայում ևս, ավելին՝ վստահ եմ»,- հավելեց Ն.Զոհրաբյանը: