«Ադրբեջանը փորձում է Արցախը և Հայաստանի մեծ մասը ներկայացնել` որպես իր տարածք. նման մոտեցումն անհնարին է»

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, իշխանության ներկայացուցիչ Արտաշես Գեղամյանը Բաքվում հայտարարել է, թե Հայաստանը շատ կցանկանար, որ Ադրբեջանը նույնպես անդամակցեր Եվրասիական միությանը: Գեղամյանը, Հայաստանի պատվիրակության մյուս անդամների հետ միասին, դեռևս Բաքվում է, որտեղ շարունակվում է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանը:

Այդ հայտարարությունը Գեղամյանն արել է ադրբեջանական Haqqin.az լրատվական կայքին տված հարցազրույցում: Ի պատասխան լրագրողի դիտարկմանը, թե Հայաստանի անդամակցություն ձգձգվում է, Գեղամյանը նշել է. «Մեր երկրի առաջնորդը հետևողական և հավասարակշռված առաջնորդ է: Նա փայլուն շախմատիստ է: 2013 թ. սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարեց միություն մտնելու Հայաստանի ցանկության մասին և հիմնավորեց այդ ընտրությունը:

Նշանակում է` այդ ընտրությունը դարերի համար է: Հայաստանը շատ հուսալի գործընկեր է: Այլ հարց է, որ Հայաստանի մուտքը միություն ձգձգվում է օբյեկտիվ պատճառներով: Բայց շատ շուտով կկայանա Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման պայմանագրի հանդիսավոր ստորագրումը: Ի դեպ, մենք շատ ենք ուզում, որ այդ միությանն անդամակցի նաև Ադրբեջանը: Դա զգալիորեն կօգնի մեր միջև տարաձայնությունների և խնդիրների լուծմանը»:

Գեղամյանը նաև անդրադարձել է ղարաբաղյան խնդրին` ասելով, որ պետք է մշակվեն սկզբունքներ, որոնց հիման վրա տարածաշրջանում կհաստատվի խաղաղություն, և Ադրբեջանը, Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կապրեն խաղաղ ու հանգիստ կյանքով. «Մեզ պետք է խաղաղ համակեցություն, ողջ տարածաշրջանի տնտեսական բուռն զարգացում, մեր ժողովուրդների բարեկամական հարաբերությունների վերածնում, որպեսզի ադրբեջանցիները զգան Երևանում` ինչպես տանը, իսկ հայերն իրենց հարմարավետ զգան Բաքվում: Այդպիսի ժամանակ եղել է, հավատացեք (գ) Մենք բոլորս հյուրընկալ Կովկասի բնակիչներն ենք, և բոլորիս միավորում են պատմական արժեքները: Հավանաբար, ինչ-որ մեկին ձեռնտու է, որ մեր միջև թշնամանքը շարունակվի: Եվ դա հանգեցնում է անցանկալի արյունահեղության: Ինչ էլ որ լինի, մենք դատապարտված ենք ապրելու միասին: Իսկ խելացի հարևաններն իրար հետ առևտուր են անում, միասին նշում են տոները: Ինչո՞ւ կրակել իրար վրա»:

Կարդացեք նաև

Vahram Baxdasaryan1 (1)Գեղամյանը Բաքվում Հայաստանի պետական տեսակե՞տն է ներկայացրել, կամ միգուցե նա արտահայտել է խորհրդարանական դիվանագիտության դիրքորոշո՞ւմը: ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը բացասական պատասխան տվեց մեր հարցադրմանը` միաժամանակ նշելով, որ Գեղամյանի ելույթներում դիվանագիտություն կա:

Փոխարենը` նա խորհուրդ տվեց ավելի ուշադրությամբ կարդալ Գեղամյանի խոսքի տողատակերը: Վ. Բաղդասարյանի մեկնաբանությամբ` Ա. Գեղամյանը դիվանագիտորեն հասկացրել է ադրբեջանական կողմին, որ Եվրասիական միության անդամներին նամակ ուղարկելու կամ «վայրահաչելու» փոխարեն` ավելի լավ կլինի, որ Ադրբեջանն անդամակցի այդ միությանը և դեմ առ դեմ խոսի խնդրի մասին, և հայտարարությանը պետք է նայել այդ համատեքստում:

«Ի՞նչ է պատահել, թող նրանք էլ անդամակցեն: Մենք սովոր ենք դեմ առ դեմ խոսելու, և այդ դեպքում դեմ առ դեմ կխոսենք խնդիրների մասին: Ես Արտաշես Գեղամյանի ասածն այդպես եմ մեկնաբանում: Մնացած հարցերը, ինքը կգա` կմեկնաբանի»,- «168 Ժամի» հետ զրույցում ասաց Բաղդասարյանը:

Անդրադառնալով այն տեսակետին, որ Ադրբեջանի անդամակցությունը նշված միությանը, ընդհակառակը, կարող է վնասել Լեռնային Ղարաբաղին, հանրապետական պատգամավորն ասաց, որ այժմ չի ուզում քննարկել դա, քանի որ Ադրբեջանի անդամակցության հարցն այսօր օրակարգում չկա: Նրա խոսքով` այսօր դրված է միայն Հայաստանի անդամակցության հարցը, և Հայաստանը չի որոշելու` Ադրբեջանը մտնի՞, թե՞ չմտնի:

«Բայց մենք չենք վախենում Եվրասիական միություն Ադրբեջանի մտնելուց: Չմտնելուց էլ չենք վախենում: Եթե մենք կտրականապես ժխտենք, սկսենք գոռգոռալ, որ Ադրբեջանը չպետք է մտնի Եվրասիական միություն, միևնույն է, այդ հարցը լուծողը մենք չենք: Պարզապես Արտաշես Գեղամյանն ասել է` մենք ցանկանում ենք, կարող է մտնել, բայց դա իր որոշելու հարցն է, իսկ այդ խնդրի լուծումը, գիտեք, պետք է տան Եվրասիական միության անդամները: Եվ մենք դրանից չենք խորշում»,- ավելացրեց Վահրամ Բաղդասարյանը:

ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն Ադրբեջանի անդամակցության մեջ նույնպես վտանգ չի տեսնում: Բաբայանի կարծիքով` Եվրասիական միությանն Ադրբեջանի անդամակցությունը նրա որոշելու հարցն է, բայց, այսպես, թե այնպես, Ադրբեջանը, ցանկացած կազմակերպությանն անդամակցելիս, պետք է պարտավորվի առաջին հերթին` նորմալ պետություն լինել, ֆաշիզմը չքարոզել, հարևանների դեմ ագրեսիա չդրսևորել:

– Իսկ ինչպե՞ս է Ադրբեջանի անդամակցությունը նպաստելու հակամարտության կարգավորմանը և խաղաղության հաստատմանը:

– Դա տեսական է, բայց նույնիսկ Խորհրդային Միության կազմի մեջ մեր հարաբերությունները չեն շտկվել: Գիտեք, որ Սումգայիթը, Բաքվի ջարդերը, Արցախի դեմ ագրեսիան տեղի են ունեցել, երբ մենք շատ ավելի կենտրոնացված պետության կազմի մեջ էինք, ոչ թե պարզապես կազմակերպության: Հետևաբար, միգուցե տարաձայնություններն ինչ-որ ձևով մեղմվեն, բայց չեմ կարծում, քանի որ, կրկնում եմ, Ադրբեջանը շարունակում է իր ապակառուցողական դիրքորոշումը, և հակամարտության կարգավորումը երբեք չպետք է լինի նախապայման այս կամ այն կազմակերպությանն անդամակցելու համար, որովհետև, եթե դա այդպես է, նշանակում է` Ադրբեջանն ուղղակի ձևականորեն շահարկում է այս կամ այն կազմակերպությանն անդամակցելու հարցը և պետությունների հետ հարաբերությունների բարելավումը` ձգտելով լուծել հակամարտությունն իր համար ավելի ձեռնտու պայմաններում:

– Խնդիրը հենց դա է` որքանո՞վ են տեղին խորհրդային կարոտախտի հիման վրա այդպիսի հայտարարությունները: Չէ՞ որ խորհրդային անցյալն ինքը ցույց տվեց, որ ժողովուրդների բարեկամությունն այդ երկրում բավական կեղծ գաղափարների վրա էր կառուցված:

– Որոշ ժամանակ դա աշխատում էր` ոչ ամբողջապես, բայց, իհարկե, հաշվի առնելով խորհրդային կենտրոնական իշխանության ահռելի ներուժը` խաղաղությունը զսպված պահպանվում էր: ԽՍՀՄ-ը որդեգրել էր մի այլ ձևաչափ, երբ վերևից խիստ վերահսկողության ներքո ուղղակի ոչնչացվում էր ազգայնամոլության ցանկացած դրսևորում: Որոշ ժամանակ դա իրոք աշխատեց, բայց երբ արդեն թուլացավ վերահսկողությունը, ամեն ինչ պայթեց: Այո՛, ի սկզբանե համակարգը պայթյունավտանգ էր: Հիմա արդեն այլ իրավիճակ է: Ադրբեջանը պիտի իր մեջ համարձակություն գտնի և ասի` սա արդեն անցած շրջան է, եկեք նոր էջ սկսենք: Այդ ժամանակ ամեն ինչ նորմալ կլինի, բայց ճիշտ չէ անցյալը դարձնել ներկա:

– Կա կարծիք, որ Ադրբեջանի մասնակցությունը եվրասիական նախագծին, ընդհակառակը, վտանգ է ԼՂՀ-ի համար, քանի որ Ռուսաստանը շահագրգռված է Ադրբեջանի անդամակցության մեջ:

– Վտանգ չեմ տեսնում: Ինչո՞ւ, որովհետև հակամարտության կարգավորումն այնքան բարդ է, և եթե Ադրբեջանի կողմից չլինի համապատասխան ցանկությունը, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ որևէ այլ պետություն չեն կարող լուծել այս հարցը: Ադրբեջանը փորձում է Արցախը և Հայաստանի մեծ մասը ներկայացնել` որպես իր տարածք: Նման մոտեցումն անհնարին է: Որքան էլ Ադրբեջանն անդամակցի տարբեր կազմակերպությունների, չի ստացվելու:

Եվ չեմ կարծում, որ Ադրբեջանի անդամակցությունը կարող է լուծվել Ղարաբաղի հաշվին: Ոչ, իրավիճակը նույն կերպ կմնա, անդամակցելը` անդամակցել, նրանք առևտուր կանեն Ռուսաստանի կամ այլ երկրների հետ, բայց Արցախի հարցն այդպես էլ կմնա:

Տեսանյութեր

Լրահոս