«Այսօր «գիծ քաշելու» օրն է». «Հրապարակ»
«Մայիսի 14-ին, խոշոր գործարարների հետ հանդիպման ժամանակ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, թե մինչև հուլիսի 1-ը բիզնեսին ժամանակ է տալիս՝ ստվերից դուրս գալու համար»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով. «Ասել էր՝ «գիծ ենք քաշում». դրանից առաջ ինչ եղել-եղել է, համաներում ենք հայտարարում, սրանից հետո պետք է ստվերից դուրս գան ու հարկեր վճարեն:
Վաղը մենք կփորձենք պարզել, թե ինչպես է արտահայտվել վարչապետի այս դարակազմիկ որոշումը և ինչ հետևանքներ է ունեցել օլիգարխների ու նրանց վճարած հարկերի վրա:
Թեև արդեն կարող ենք պնդել, որ ոչ մի հետևանք էլ չի ունեցել, քանզի նրանք, ովքեր պետք է դուրս գային ստվերից, հրաժարվում էին խոստովանել, որ հարկերը երբևէ թաքցրել են: Այսօր մեկ այլ «գիծ քաշելու» օր էլ է՝ հուլիսի 1-ը հայտարարվել էր Եվրասիական տնտեսական միությանն անդամագրման փաստաթղթի ստորագրման օր:
Աստանայում Սերժ Սարգսյանն այդ օրը հիշատակեց, և դա հեռարձակվեց աշխարհի բոլոր լրատվամիջոցներով: Սակայն այստեղ ևս մենք որևէ առաջխաղացում չունենք. համենայնդեպս, ոչ մի հանդիպում, ոչ մի այց նախատեսված չէ, որևէ փաստաթղթի ստորագրման մասին չի խոսվում, ուստի կարող ենք պնդել, որ այս մի «գիծն» էլ չի քաշվելու: Փորձենք ընդհանրացնել՝ չենք կարող չնկատել, որ մեր երկրի առաջին դեմքերն զբաղված են «քամի անելով»՝ երբ նրանց խոստումներն իրականություն չեն դառնում»:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։