Գագիկ Ջհանգիրյան. Ես առայժմ հույս ունեմ, որ իշխանությունն իր մեջ քաղաքական համարձակություն կգտնի և կբացահայտի Մարտի 1-ը

«Մենք չենք ասում, թե չբացահայտված հանցագործությունների համար անպայման մենք մեղադրում ենք իշխանությանը»,- Մարտի մեկի հարցն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման մասին խորհրդարանական քննարկումներին անդրադառնալով՝ ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, հիմնական զեկուցող Գագիկ Ջհանգիրյանը:

«Մենք ասում ենք՝ լավ, մի քանի հարյուր (երեկ Խոսրով Հարությունյանն ասաց 220 ոստիկանության աշխատակից վիրավորներ) վիրավորվել են, բա որևէ մեկը դրա համար պատասխանատվության չի՞ ենթարկվել: Ճիշտն ասած՝ ես առայժմ հույս ունեմ, որ իշխանությունը իր մեջ քաղաքական համարձակություն կգտնի և կբացահայտի: Ի վերջո, նման ծանր ժառանգությամբ առաջ շարժել հնարավոր չէ: Հայաստանի նման երկիրը չի կարող ոտքերը կապած թողել նման ծանրաձողների ու առաջ շարժվել, այդ իսկ պատճառով ես չպահանջեցի ինչ ձև դնել քվեարկության: Թույլ տվեցի, որպեսզի կոալիցիան ժամանակ ունենա մտածելու՝ ինչպես է քվեարկելու, որովհետև հանձնաժողով չստեղծելն առավել անբարենպաստ է լինելու իշխանությունների համար, քան ստեղծելը»,- հայտարարեց Գ. Ջհանգիրյանը:

Անդրադառնալով պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի հայտարարությանը, թե բացի ՀԱԿ-ից ու «Ժառանգությունից» խորհրդարանական մյուս բոլոր ուժերը մասնակից են Մարտի մեկի գործը կոծկելու հարցում, Գ. Ջհանգիրյանն ասաց, թե հարցը պետք է ուղղել Ալ. Արզումանյանին:

Ինչ վերաբերում է հիշեցումներին, թե Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանակին մեղադրում էր քրեաօլիգարխիկ տարրերին, ապա ՀԱԿ պատգամավորն ասաց. «Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կարծիքը շատ հեղինակավոր կարծիք է ինձ համար, հիմնավոր կարծիք է, բայց ես ուզում եմ այդ կարծիքի մեջ համոզվել փաստերի ուսումնասիրությամբ»:

Տեսանյութեր

Լրահոս