Բաժիններ՝

Բուդապեշտի մարդասպանը և Բաքվի «հերոսը»

Տասը տարի առաջ ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելու առիթով Բուդապեշտ ժամանած հայ սպա Գուրգեն Մարգարյանը քնած պահին կացնահար սպանվեց ադրբեջանցի Սաֆարովի կողմից: Այնուհետև դիպաշարը ծանոթ է բոլորին. ձերբակալություն, դատավարություն, ահավոր ճնշում Բաքվի կողմից Հունգարիայի դատաիրավական հաստատությունների վրա, վճիռ, ցմահ բանտարկություն: Երկու տարի առաջ ադրբեջանահունգարական գործարքների և լուռ համաձայնությունների իբրև արդյունք մարդասպանը հայտնվեց ազատության մեջ և արժանացավ Բաքվի կողմից հերոսի կոչման:

Ադրբեջանական կողմի մեջ արձանագրված վերաբերմունքները, արարքները, ճնշումները, գործարքներն ու ատելության դրսևորումների գագաթ նվաճած օրինակները պարզ են և գուցե նաև ակնկալելի Բաքվի իշխանություններից:

Խնդրի դիտարկումը փորձենք հայկական և ադրբեջանական դաշտերից տեղափոխել միջազգային հարթություն, նկատելու համար մի քանի կետեր:

Սաֆարովի անասնային հարձակումը գործվել էր ՆԱՏՕ-ի զորավարժության շրջանակներում: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ի դիմաց ՆԱՏՕ-ի պարզ տրամաբանությամբ հստակ պատասխանատվություն է ստանձնում, որ նման զինվորական պաշտոնատար է ուղարկել միջազգային մակարդակում իրականացվող վարժողական ծրագրին: Եթե դեռեվս չենք ուզում խոսել սաֆարովների գազանային դրսևորումների պատճառ հանդիսացած հայատյաց քաղաքականության մասին և մի պահ ուզում ենք կենտրոնանալ ադրբեջանցի սպայի հոգեկան անհավասարակշռվածության վրա, նույնիսկ այս դեպքում Բաքվի համապատասխան բաժանմունքները պատասխանատու են դիտվում նման փորձարկումների ինքնատիրապետումից հեռու սպա ուղարկած լինելով: ՆԱՏՕ-ն այս առումով չունեցավ համարժեք արձագանգ:

Հունգարական դատաիրավական հաստատությունները առաջին փուլին արտառոց որևէ որոշում չեն կայացրել: Պարզ էր. կատարվածը մարդասպանություն էր, այն էլ ամենաքստմնելի և դատապարտելի բնույթով, որի համար էլ դատական ընթացակարգից հետո կար վճիռ: Առավելագույն պատժաչափ: Խնդիրը հետագային էր: Լուռ, լուսարձակներից հեռու, կարելի է բնորոշել նույնիսկ թաքուն բանակցություններ Բաքվի և Բուդապեշտի միջև հանգեցրին գործարքի: Բուդապեշտը արտահանձնեց մարդասպանին, մարդասպանությունը քաջալերած պետությանը: Բուդապեշտը կարող էր հենվել անշուշտ միջպետական հարաբերություններով սահմանված արտահանձնման օրենքի վրա, նման գործողություն կատարելու համար: Արտահանձնելու վերաբերյալ դիմումը գաղտնի պահելու, բանակցությունները թաքուն ձևով կատարելու և արտահանձնումը հանկարծակի բացահայտելու հունգարական կողմի պահվածքը շեշտում է գործարքային ուղղությունը այս բոլորի մեջ: Հունգարական քաղաքական դաշտը նույնիսկ չէր իմացել այս մութ համաձայնության ծալքերի մասին: Հայկական կողմին մնում էր առկախել դիւանագիտական կապերը Բուդապեշտի հետ:

Շարունակենք Բուդապեշտի լուռ մեղսակցության փաստի համոզման տրամաբանությունը: Հունգարական իշխանություններն անպայման համոզված էին, որ իրենց արձակած դատավճիռը՝ ցմահ բանտարկությունը, վերջ պիտի գտներ արտահանձնման թույլտվության օրը: Որևէ երաշխիք չկար հակառակը փաստելու: Արտահանձնելու օրենքը բնականբար միջպետական հարաբերություններ հարգող կողմերին է վերաբերում. դրա իմաստը այն է, որ դատավճռի գործադրության աշխարհագրական միջավայրն է, որ կփոխվի և ոչ թե դատավճիռը: Ադրբեջանի նման երկրներն են, որոնք ոչ միայն խախտում են և ոտնկակոխում օրենքը, այլ միջազգային օրենքի շահագործումով մարդասպանին վերածում են հերոսի: Բուդապեշտը բոլոր պատճառներն ուներ բողոքի նոտաներ ուղարկելու Բաքվին, իր կայացրած որոշմանն կայծակնային բեկանման մասին բացատրություն պահանջելու, անգամ դիվանագիտական կապերը առկախելու Բաքվի հետ…. եթե նախապես կայացրած չլիներ գործարքը:

ՆԱՏՕ-ի իրավական բաժանմունքներից անկախ լուռ մնաց նաև միջազգային ընտանիքը. ի վերջո միջազգային հարաբերությունների ընդհանուր շրջագծում կայացած օրենքի կոպիտ խախտում էր կատարվածը:

Այստեղ է, բուն խնդիրը: Արտահանձնման օրենքի շահարկումով մարդասպանը վերածվում է հերոսի: Ադրբեջանին հարազատ է այս վարքագիծը: Բայց երբ Բաքուն գտնում է իր հետ գործարքի գնացող Բուդապեշտի նման կողմեր, երբ ՆԱՏՕ-ն չի առկախում Ադրբեջանի մասնակցությունն իր կազմակերպած զորավարժություններին և երբ միջազգային ընտանիքը հաշիվ չի պահանջում արձանագրված կոպիտ խախտման համար, Բաքուն վերստին կփորձի սրել իր կացինը:

Հայկական կողմը այս բոլորի նկատառման հարկադրանքի առջև է:

 Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս