Յանուկովիչն ուղևորվում է դեպի Սևաստոպոլ
Ուկրաինայի արդեն նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը «Բերկուտի» ուղեկցությամբ Յալթայից ուղեւորվում է Սեւաստոպոլ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է սեւաստոպոլյան IPC մեդիա կենտրոնի տնօրեն Տատյանա Ռիխտունը, հաղորդում է glavcom.ua-ն: «Յանուկովիչը «Բերկուտի» պահակազորի ուղեկցությամբ Յալթայով ուղեւորվում է դեպի Սեւաստոպոլ»,-գրել է նա:
Սեւաստոպոլում է գտնվում նաեւ պաշտպանության նախարար Պավել Լեբեդեւը, հաղորդել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Նա երկուշաբթի պատրաստվում է վերադառնալ աշխատանքի: «Փետրվարի 22 – 24 –ը, ընտանեկան հանգամանքներով պայմանավորված, ես գտնվում եմ Սեւաստոպոլում: Երկուշաբթի ես տեղում կլինեմ եւ կկատարեմ իմ պաշտոնական պարտականությունները»,-հայտարարել է Լեբեդեւը: Նա հիշեցրել է, որ Սահմանադրության համաձայն` պաշտպանության նախարարը նշանակվում եւ ազատվում է նախագահի հրամանով` Ռադայի համաձայնությամբ, եւ քանի դեռ չկա համապատասխան որոշումը, ինքը կկատարի իր պարտավորությունները: