ՀԱԿ-ը օրակարգ կմտցնի Մարտի 1-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկը
ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցությունը Մարտի 1-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկը կրկին ԱԺ-ի օրակարգ է ցանկանում մտցնել: Այսօր ԱԺ ոչ իշխանական 4 խմբակցությունների համատեղ նիստից հետո ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտնեց, թե իրենք ոչ իշխանական խմբակցությունների հետ հարցը քննարկել են և ստացել են աջակցություն:
«Մենք ներկայացրել ենք այդ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման մասին նախագիծը, տեղյակ ենք պահել մեր գործընկերներին, որ մենք նախաձեռնելու ենք ստորագրահավաք այն նպատակով, որ հենց առաջիկա քառօրյայում այդ հարցը արտահերթ քննարկման կարգավիճակով մտնի նստաշրջանի օրակարգ: Եվ մենք ստացել ենք մեր բոլոր գործընկերների աջակցությունը»,- ասաց նա՝ ավելացնելով, որ բնական է, որ իրենք մարտի 1-ի սպանությունների բացահայտման հարցով հանձնաժողով են ցանկանում ստեղծել:
«Հիմա տեսնում ենք` Ուկրաինայում ինչ է կատարվում. ցուցարարների դեմ մահաբեր ուժի օգտագործումը իշխանության կողմից հանցագործություն է, և բոլոր մեղավորները պետք է պատժվեն»,- ասաց Լևոն Զուրաբյանը:
Անդրադառնալով այն հարցին, որ անցած անգամ ԱԺ-ն մերժեց նման հանձնաժողով ստեղծելու առաջարկը, Լևոն Զուրաբյանը նկատեց. «Մենք դնում ենք հարցը, կարող են այս անգամ էլ մերժել: Մի անգամ հանաձայնել էին հետո խաբեցին, կարող են այս անգամ էլ մերժել, միևնույն է` մենք այս հարցը հետևողական կերպով առաջ ենք տանելու և մի օր հասնելքու ենք հաջողության, իսկ եթե իրենք մերժում են ուրեմն հերթական անգամ ցույց են տալիս, որ այս սպանությունների գործում պարտակման պատասխանատուն իրենք են»,- շեշտեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը: