Գյումրեցի երիտասարդները՝ իշխանություններին. Եթե կփոխվեք, լավ, եթե չէ, մենք գալու ենք ձեզ փոխենք. ԳԱԼԱ
ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ գյումրեցի երիտասարդները եւս դեմ են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը: Մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ այսօր իրենց բողոքն արտահայտել են առանձնահատուկ կերպով. Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ նրանք այսօր այցելել են ՀՀԿ եւ ՕԵԿ գրասենյակներ ու կուսակցությունների տեղի պատասխանատուներին հանձնել 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ նշված կուսակցությունների կողմից ՀՀ քաղաքացիներին տրված խոստումների բուկլետները եւ հիշեցրել վերջիններիս, որ պարտավորություններ ունեն կատարելու:
«Մեր պահանջը հստակ է, կոնկրետ, ու քայլերը հետագայում լինելու են կոշտ: Այսօր որոշել ենք Գիրք նվիրելու օրը օգտագործել՝ Հայաստանի հանրապետական կուսակցությանը եւ նրա քույր ՕԵԿ-ին տրամադրելով երկու տարի առաջ իրենց կողմից 2012 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ մեզ տված այն խոստումների ժողովածուն, այն կետերը, որոնք հրամցրել են մեզ: Դա այսօր մենք հետ ենք վերադարձնում նրանց՝ միաժամանակ շեշտելով, որ կուտակայինը եւս մաս է կազմում էս իրենց տված խոստումներին: Սա միանշանակ բողոքի տարբերակ է, որ ցույց տանք, որ իրենք իսկապես շատ են թերացել, 100-ից չկարողացան 90 խփել, 80 խփել, 60, 50: Ինչ որ է, թերացել են տարիների ընթացքում իրենց աշխատանքի մեջ , հիմա էլ շարունակում են կրկնել այն նույն սխալները, ինչ որ թույլ են տվել տարիների ընթացքում, եւ հիմա եկել ենք ասելու, որ եթե կփոխվեք, լավ, եթե չէ, մենք գալու ենք ձեզ փոխենք»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշել է քաղաքացիական ակտիվիստ Արսեն Վարդանյանը:
Ակցիայի մասնակիցները ՀՀԿ եւ ՕԵԿ տեղի պատասխանատուներին հորդորել են միանալ իրենց նախաձեռնությանն ու պայքարել կառավարության «բարեփոխումների» դեմ երկիրը ծանր վիճակից դուրս բերելու համար: Միեւնույն ժամանակ նշել են՝ երկրի ղեկավար այրերին փոխանցել, որ գործազուրկ եւ աղքատ Գյումրու բնակիչները պահանջում են նախ աշխատատեղեր ստեղծել եւ հետո նոր մտածել 30 տարի անց ապահով ծերություն ապահովելու մասին:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: