Վերակազմակերպման այս փոքրիկ հանգրվանը ուժ ու ծավալ հավաքելու համար է. Րաֆֆի Հովհաննիսյան

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հավաստիացնում է՝ իրենց պայքարը շարունակվում է: «Անի պլազայում» այսօր տեղի ունեցած հավաքի ժամանակ, որի ընթացքում ընթերցեց ազգային տարեկան ուղերձ, Ր. Հովհաննիսյանը հայտարարեց, թե «Ժառանգությունը» չի լքել մարտադաշտը:

«Վերակազմակերպման այս փոքրիկ հանգրվանը ուժ ու ծավալ հավաքելու, էլ ավելի զորեղանալու համար է, քանի դեռ խոչընդոտը հաղթահարված չէ: Այս ամբողջ ընթացքում հետընտրական մեր պայքարի թափը չի կոտրվել. նրա լիցքերը, շնչառությունը թևածում էին և թևածում են Ազատության հրապարակում, մայրաքաղաքի փողոցներում, տրանսպորտի ուղեվարձի թանկացման, Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության, կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման, ապօրինի շինարարության, և այլևայլ կամայականությունների դեմ պայքարողների հետ: Անհնար է  մեզ հետ պահել ազնիվ պայքարի մեր ուղուց»,- նշեց նա:

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ որքան էլ ոմանք «պատվիրովի արշավներ» ձեռնարկեն, չեն կարող թաքցնել իրենց նկրտումները, չեն կարող դրանք իրականացնել: «Իրենց հաշվարկներում վրիպեցին այն գործիչները, լրատվամիջոցները, որոնք շտապեցին դամբանական հյուսել «Ժառանգությանը»: Թող ոչ ոք զուր հույսեր չփայփայի. «Ժառանգությունը» միշտ եղել է և կլինի հանրության կողքին»,- ասաց նա:

Հովհաննիսյանը հայտարարեց, որ ապօրինի իշխանությունները մեկուսացնում ու բացակայության են տալիս երկիրը: Ըստ նրա՝ այն ինչ կա ներկայում, անցյալ տարվա փետրվարի 18-ին ապօրինի վարչակարգի վերարտադրության արդյունքն է: «Իր իշխանության արտաքին հովանավորության փնտրտուքներում գործող նախագահը միջազգային հարթակում մեկուսացրեց մեր երկիրը՝ ջուրը թափելով բարեկամ պետությունների, դաշնակիցների հետ կապերը: ՀՀ արտաքին քաղաքականության մեջ գերշիխում է  վասալային աշխատաոճը»:

Տեսանյութեր

Լրահոս