Ինչու էր Մարգար Օհանյանը մասնակցում ԵԿՄ համագումարին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. Շաբաթ օրը տեղի ունեցած Երկրապահ կամավորականների միության 10-րդ համագումարին ներկա էին նաև ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանն ու ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը: Ներկայացնում ենք հատվածներ Մ. Օհանյանի հետ զրույցից։

–Պարոն Օհանյան, ԵԿՄ համագումարին պաշտոնապես հրավիրե՞լ էին։

–Այո, հրավիրատոմս էի ստացել ԵԿՄ-ից ու գնացել էի։ ԵԿՄ-ն, ինձ թվում է, հասարակական կազմակերպություն է բոլորիս համար։ Ի՞նչ, Ձեզ թվում է՝ առանց հրավերի կարո՞ղ էի գնալ այնտեղ։

–Բայց Դուք ի՞նչ առնչություն ունեք ԵԿՄ– ի հետ։ Ինչո՞ւ էին նաև Ձեզ հրավիրել այն դեպքում, երբ շատ ազատամարտիկներ անգամ հրավիրատոմս չէին ստացել։

–Դուք գտնում եք, որ ես ԵԿՄ-ի հետ կապ չունե՞մ, եղավ։ Ես ասելու բան չունեմ։ Արդեն ասացի, որ հրավիրատոմս ստացել եմ, իսկ մինչև հրավիրատոմսն էլ զանգել հարցրել են, ասել են՝ քաղաքում լինելու ես, ասել եմ երևի, հրավիրատոմսս բերել տվել են, ես էլ գնացել մասնակցել եմ համագումարին։

– Ձեզ հետ համագումարին ներկա էր նաև ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը, իրեն և՞ս հրավիրել էին։

– Խնդրում եմ՝ այդ հարցն ուղղեք պարոն Թամամյանին, ինձ հետ շատ մարդ կար, ու Դուք կարող էիք շատ մարդու տեսնել, ովքեր նստած էին մեզ հետ։ Մենք միասին էինք գնացել համագումարին մասնակցելու, միասին էլ նստել ենք։ Ինձ նման հարցեր մի՛ ուղղեք։

– Իսկ այժմ Դուք ինչ գործունեություն եք ծավալել, ինչո՞վ եք զբաղվում։

–Չեմ կարծում, թե հասարակությանը դա հետաքրքրում է։ Իսկ եթե Ձեզ է հետաքրքրում, ասեմ, որ ես այժմ զբաղված եմ իմ ամենօրյա հոգսերով, իմ գործերով եմ զբաղված, իմ էրեխեքով ու իմ ընտանիքով։

Մանրամասները՝ «Ժողովուրդի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս