ԱՄՆ-ում նշում են Նախագահի օրը
Միացյալ Նահանգներում այսօր նշում են Նախագահի օրը՝ տոն, որը համազգային կարգավիճակ է ստացել 1879 թվականին՝ փետրվարի 22-ին ԱՄՆ-ի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի ծննդյան օրը նշելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Այդ ժամանակից գրեթե հարյուր տարի անց՝ 1968 թվականին, ԱՄՆ-ի Կոնգրեսն ընդունել էր օրենք, որի համաձայն դաշնային մի քանի տոն որոշակի ամսաթվին նշվելու փոխարեն այդուհանդերձ նշվում են որոշակի երկուշաբթի օրերին, որպեսզի աշխատավորները հնարավորություն ունենան օգտվելու հանգստյան երկարացված օրերից:
Նախագահի օրն ԱՄՆ-ում հանգստյան է միլիոնավոր աշխատավորների և դպրոցականների համար: Մանրածախ առևտրի կազմակերպություններն ամեն տարվա փետրվարի երրորդ երկուշաբթի օրը նշվող Նախագահի օրվա ընթացքում առաջարկում են սպառողներին օգտվել բազմաթիվ զեղչերից:
Չնայած Նախագահի օրը պաշտոնապես դեռևս համարվում է ԱՄՆ-ի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի ծննդյան օրվան նվիրված տոն, այս օրվա ընթացքում նշվում է ինչպես ԱՄՆ-ի առաջին, այնպես էլ փետրվարի 12-ին ծնված երկրի 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնի ծննդյան օրերը:
Աբրահամ Լինքոլնի ծննդյան օրը երբեք չի ստացել դաշնային տոնի կարգավիճակ՝ չնայած բազմաթիվ նահանգները որպես տոն օր են նշում այս օրը: