Փոխգնդապետը մեղադրվում է շարքային զինծառայողի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել ՊՆ N զորամասի հրամանատարի տեղակալ-շտաբի պետի դեմ հարուցված քրեական գործը:
36-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ N զորամասի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, կոչումով փոխգնդապետ, 2013թ. մայիս ամսին զորամասի շարահրապարակի ամբիոնի ետնամասում, զինվորական ծառայության պարտականությունները ոչ պատշաճ կերպով կատարելու կապակցությամբ, խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի պահանջները, բռնություն է գործադրել ծառայության և զինվորական կոչումով իր նկատմամբ ստորադաս հանդիսացող, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողի նկատմամբ: Այս մասին տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից:
Նրան մեղադրանք է առաջադրվել զինվորական պարտականությունները կատարերոի կապակցությամբ ստորադասի նկատմամբ բռնություն գործադրելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 3581 հոդվածի 2-րդ մաս): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: