Մայրական պապու ձեռք բերած հայկական կեղծ անձնագիրն օգտագործե՞լ է Ֆրանսիայում
32-ամյա տղամարդու դեմ հարուցված քրեականը գործը հասել է դատարան: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ բնակվելով Ֆրանսիայում և 17 տարին լրանալուց հետո ցանկանալով ձեռք բերել ՀՀ քաղաքացու անձնագիր` նա դիմել է իր մայրական պապին, ով քննությամբ չպարզված եղանակով, օրենքով սահմանված կարգի խախտմամբ և առանց օրինական հիմքերի՝ ձեռք է բերել թոռան տվյալներով ակնհայտ կեղծ անձնագիրը, ապա այն ուղարկել է նրան: Ըստ մեղադրանքի՝ երիտասարդն այն օգտագործել է Ֆրանսիայում, սակայն վերադարձել է Հայաստան, ներկայացրել կեղծ անձնագիրը, ապօրինի հատել է ՀՀ պետական սահմանը, ինչը բացահայտվել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ և ՀՀ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցների կողմից: Այս մասին տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից:
Երիտասարդին մեղադրանք է առաջադրվել Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մաս), ինչպես նաև առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մաս): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: