Չի բացառվում, որ խորհրդարանական 4 ուժերը կառավարությանը անվստահություն հայտնեն առաջիկա քառօրյայում

Ինչպես տեղեկացրել ենք, ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը այսօր համատեղ խորհրդակցություն են անցկացրել և քննարկել կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը: Շուրջ մեկ ժամ տևած նիստից հետո լրագրողների հետ զրույցում՝ ի պատասխան 168.am-ի այն հարցին, թե ի՞նչ եզրահանգման եկան ընդդիմադիր և այլընտրանքային ուժերը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նախ գնահատեց հանդիպումը որպես արդյունավետ, ապա նշեց. «Մենք պայմանավորվել էինք, որ յուրաքանչյուր խմբակցություն բերի իր նախագիծը, թե ինչպես է պատկերացնում և ինչ նախագծով պետք է ներկայանանք, բայց այսօր դրանք միանգամից չէին կարող քննարկվել, ուստի որոշակի վերաբերմունք արտահայտեցինք այդ նախագծերի նկատմամբ»: Ըստ նրա՝ խմբակցության անդամներն, ովքեր մասնակցում էին հանդիպմանը, այժմ այդ նախագծերը կներկայացնեն իրենց խմբակցության մյուս ներկայացուցիչներին, կուսակցություններին և առաջիկայում, երբ տեղի ունենա ևս մեկ աշխատանքային հանդիպում, իրենք կկայացնեն վերջնական որոշում: Ամեն դեպքում, Հակոբյանը նշեց, որ չորս ոչ իշխանական ուժերը ունեն ընդգծված կեցվածք, ցանկություն միասին աշխատելւ և այս ձևաչափով միասնական փաստաթուղթ ունենալու: Ռուբեն Հակոբյանը չբացառեց, որ իրենք կառավարությանն անվստահություն կհայտնեն առաջիկա քառօրյայում: «Ավելին կասեմ, որ ավելի հավանական է, որ հարցը կներկայացվի»,- շեշտեց նա՝ ավելացնելով, որ այս բոլոր ուժերը միշտ էլ բացասաբար են արտահայտվել կառավարության գործեալոճի մասին: Ոչ իշխանական չորս ուժերի քննարկման մասին Հակոբյանը նախընտրեց մանրամասներ  չհայտնել՝ պատճառաբանելով, թե անգամ մեկ միամիտ խոսքը հնարավորություն կտա համախմբման դեմ եղած ուժերին հակաքարոզարշավ ծավալել: Իսկ հարցին, թե ինչպե՞ս է նա վերաբերվում իշխանությունների գնահատականներին, թե չորս ուժերի նպատակը միայն վարչապետի աթոռը զբաղեցնելու ցանկությունն է, Ռ. Հակոբյանն այսպես արձագանքեց. «Շատ բնական է, որ իշխանությունը պետք է փորձի ինչ-որ սադրիչ մեկնաբանություններ տալ: Դրանք քաղաքական տեխնոլոգիաներ են, բայց կարծւմ եմ, որ այս ուժերից յուրաքանչյուրն առանձին-առանձին, գոնե մեր անունից կարող եմ խոսել, որ ամբողջական իշխանափոխության հարցն օրհասական է։ Անհրաժեշտ է, որովհետև այն համակարգը, որը ձևավորված է, այդ համակարգում անհատը գրեթե ոչինչ չի որոշում: Նրանք, ովքեր ասում են, որ միայն վարչապետի դեմ է ուղղված, ես չեմ կիսում այդ կարծիքը, չեմ կարծում, որ այդ նույն մարդիկ չեն լսել մեր ելույթները՝ ամբիոնից, կամ հարցազրույցներ, ստատուսները, որ գրում ենք, դա իրականությանը չի համապատասխանում, քննարկումը կլինի ու կլսեք այդ բարձրացրած հարցերի պատասխանը»: Դիտարկմանը, թե արդյոք կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը ձգձգվում է ԲՀԿ-ի համագումարի պատճառով, նա բացասական պատասխան տվեց. «Ոչ, որևէ համագումարի, որևէ բանի հետ կապ չունի»: Մյուս հանդիպումը, նրա փոխանցմամբ, տեղի կունենա առաջիկա երկու օրվա ընթացքում:

Տեսանյութեր

Լրահոս