Սամվել Բալասանյանը Սերժ Սարգսյանի եղբոր վիզը ծուռ չթողեց. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. Սերժ Սարգսյանի եղբոր Լևոն Սարգսյանի 5 միլիոն դրամի խնդրանքը Գյումրիի քաղաքապետարանից երեկ, ինչպես և սպասվում էր, բավարարվել Է։ Անակնկալն այն է միայն, որ որոշումն անցել է գրեթե միաձայն, ընդ որում քննարկումը տևել է շատ կարճ։ «ՀԺ» հիշեցնում է, որ Լևոն Սարգսյանը 5 միլիոն դրամ էր խնդրել «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի համար։ Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, Գյումրիի ավագանու անդամները հայտարարել են. թե մի բան էլ քիչ Է «Վերածնունդին» այդքան գումար հատկացնելը։ Հատուկ ելույթ է ունեցել նաեւ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ով նշել է, որ քաղաքն ունի գումար և անհրաժեշտ է բավարարել Լևոն Սարգսյանի խնդրանքը։ Խիստ կարևոր պատմական և մշակութապահպան ելույթ է ունեցել Գյումրիի փոխքաղաքապետ Սանոյանը։ Նա հայտարարել է, թե ամոթ է 5 միլիոն տրամադրելը, դա քաղաքի համար գումար չէ և նման մեծ միջոցառման համար անհրաժեշտ է հանդես գալ գոնե աջակցողի դերում։ «ՀԺ»-ն հիշեցնում է, Գյումրին այսօր ունի 4 հազար անօթևաններ, իսկ ամեն երկրորդ երեխան, ինչպես նախօրեի «ՀԺ»-ի հետ զրույցում նշել է Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը, սոված կամ կիսասոված է քնում։ Երեկվա փոքրիկ քննարկման ժամանակ հարցին դեմ է արտահայտվել միայն Լևոն Բարսեղյանը։ Թե քանի ծայրահեղ աղքատ ընտանիքի հարցի կամ վառելափայտի խնդիր կլուծվեր այդ գումարով, կարևոր չէ, կարևորը՝ Բալասանյանը Սերժ Սարգսյանի եղբոր վիզը ծուռ չթողեց,- գրում է «Հայկական Ժամանակը»։

Տեսանյութեր

Լրահոս