300 հազար՝ սուտ մատնության համար
Առաջին ատյանի դատարանը 23-ամյա աղջկան մեղավոր է ճանաչել սուտ մատնության մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա սուտ մատնություն կատարելու դիտավորությամբ, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկություններն ակնհայտ կեղծ են, հաղորդում է տվել Ոստիկանության Երևանի վարչության Մաշտոցի բաժնում այն մասին, որ 2013թ. սեպտեմբերի 24-ին Երևան քաղաքի Հրազդանի կիրճում «Ֆլորենսիա» ռեստորանային համալիրից քիչ հեռու, իր նախկին ընկերն ատրճանակով սպառնացել է սպանել իրեն և կրակել է ջրի մեջ: Նախաքննության ընթացքում նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգում տեղադրված վճռից, դատաքննության սկզում աղջիկն իրեն մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքում, միջնորդել է դատական քննությունն իրականացնել արագացված կարգով: Դատարանը որոշել է բավարարել ամբաստանյալի միջնորդությունը: Դատարանն ապացուցված է համարել աղջկա մեղքը:
Դատարանն ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առել ինչպես նրա կատարած հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, այնպես էլ` նրա անձը բնութագրող տվյալները, այն, որ նա երիտասարդ է, դատված չի եղել:
Որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ՝ դատարանը հաշվի է առնել այն, որ նա աջակցել է հանցագործությունը բացահայտելուն՝ հանցագործության մասին կեղծ հաղորդում տալուց հետո, նյութերի նախապատրաստման ընթացքում դիմում է ներկայացրել ոստիկանություն և հայտնել, որ իր հաղորդումը չի համապատասխանում իրականությանը, որից հետո տվել է բացատություն և խոստովանական ցուցմունքներ և անկեղծորեն զղջացել է կատարածի համար:
Դատարանը ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չի գտել:
23-ամյա աղջկա նկատմամբ որպես պատիժ է նշանակվել 300 հազար դրամ: Նշենք, որ դատավճիռն օրինական ուժի մեջ է մտնելու հրապարակումից մեկ ամիս անց: Այդ ընթացքում այն կարող է բողոքարկվել քրեական վերաքննիչ դատարան: