ՀՀ բնապահպանության նախարարության բացահայտումները
ՀՀ բնապահպանության նախարարության 03-07.02.2014թթ. ժամանակահատվածում իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, տեսչական վարույթին հանձնված գործերի քննության և տարեկան հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 250.0 հազար դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի հինգ որոշում և հաշվարկվել է 178.5 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես՝ Սյունիքի տարածքային ստորաբաժանման աշխատակիցները՝ «Լեռ էքս» ՍՊԸ կողմից արտադրական կեղտաջրերով Գեղի գետի Օդաբարա վտակի աղտոտման ուսումնասիրության արդյունքում հաշվարկել են 178.5 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների համատեղ իրականացրած ստուգայցի արդյունքում առգրավել են հինգ հատ տիրազուրկ ձկնորսական ցանց և 7.8 կգ կենդանի խեցգետին, ինչը սահմանված կարգով բաց է թողնվել Սևանա լիճ:
Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած ստուգայցի արդյունքում առգրավվել է 15.0կգ «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Նարեկ» ծերանոց:
Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային և տարեկան վարչական վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Լոռու տարածքային ստորաբաժանման կողմից մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում, իսկ Շիրակի ստորաբաժանման աշխատակիցները երկու տնտեսվարողի նկատմամբ կայացրել են 100.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի երկու որոշում:
Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային և տարեկան վարչական վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Արագածոտնի և Արարատի տարածքային ստորաբաժանումների աշխատակիցները մեկական տնտեսվարողի նկատմամբ կայացրել են 50.0 հազարական դրամի վարչական տուգանքների որոշումներ:
Բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում ընդհանուր առմամբ մուտք է եղել 950.0 հազար դրամ գումար:
Բնապահպանության նախարարություն