Երևանը Ռուսաստանին խնդրում է դյուրացնել վիզային ռեժիմը հայ ներգաղթյալների համար. «Известия»
Ռուսական «Известия» պարբերականը գրում է, որ Հայաստանի Ազգային անվտանգության քարտուղար Արթուր Բաղդասարյանը նամակով դիմել է ռուսաստանցի իր գործընկեր Նիկոլայ Պատրուշեւին` Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու խնդրանքով: Նպատակը Ռուսաստանում հայաստանցի աշխատանքային ներգաղթյալների գտնվելու պայմանների դյուրացումն է` պայմանավորված Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու հանգամանքով:
Խոսքը հունվարի 1 –ից Ռուսաստանում ուժի մեջ մտած վիզային ռեժիմի եւ օտարերկրյա քաղաքացիների համար Ռուսաստանի տարածքում մեկանգամյա գտնվելու առավելագույն ժամկետն 90 օր սահմանելու մասին է: Սա վերաբերում է Ռուսաստանում գտնվող մոտ 2 մլն հայերին: «Հայաստանն ըմբռնումով է վերաբերվում Ռուսաստանի կողմից ապօրինի ներգաղթի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներին: Սակայն դրանում հաշվի չեն առնվել Երեւանի եւ Մոսկվայի համատեղ ինտեգրացիոն քաղաքականության որոշ կարեւոր նրբերանգներ»,-ասվում է Ա. Բաղդասարյանի նամակում:
«Ռազմավարական գործընկերների, մասնավորապես` Հայաստանի հետ Ռուսաստանն իրեն լիբերալ մոտեցում կարող է թույլ տալ, ինչպես դա իր սահմանների ներսում արել է Եվրամիությունը: Երկու երկրներին անհրաժեշտ է լուծել մարդկանց ազատ տեղաշարժի ապահովման հարցը»,-նշել է Ա. Բաղդասարյանը:
Իր հերթին Երեւանն արդեն այդ ուղղությամբ քայլ կատարել է: Հայաստանի տարածքում գտնվող ռուսաստանցիների նկատմամբ գտնվելու ժամկետի սահմանափակում չի կիրառվում եւ հետագայում եւս չի կիրառվի: Մոսկվայից պատասխան քայլ է ակնկալվում:
Փետրվարի 5 -ին Երեւանում ազգային անվտանգության խորհրդի նիստում հայտնի դաձավ հարցի վերաբերյալ մոտ ժամանակներում բանակցություններ սկսելու վերաբերյալ ռուսաստանյան կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածության մասին: Հայաստանը մտադիր է առաջարկել համատեղ աշխատանքային խումբ ստեղծել` Անվտանգության խորհրդի, ԱԳՆ-ի եւ միգրացիոն մարմինների մասնակցությամբ` փոխընդունելի լուծումներ գտնելու համար:
«Երեւանին անհրաժեշտ է, որպեսզի Մոսկվան առնվազն մեկ տարով երկարացնի Ռուսաստանի տարածքում Հայաստանի քաղաքացիների մեկանգամյա գտնվելու ժամկետը: Փորձը ցույց է տալիս, որ նրանք Ռուսաստանում գտնվում են երեք ամսից ավելի»,- ասել է Հայաստանի միգրացոն ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը:
«Բացառված չէ, որ մենք փորձում են Մոսկվայի հետ հասնել ներգաղթյալների երկարաժամկետ կեցության վերաբերյալ երկկողմ պայմանագրի ստորագրման, ինչը գոյություն ունի Բելառուսի եւ Ռուսաստանի միջեւ»,-ավելացրել է նա:
Տվյալ հարցի շուրջ առաջընթացի բացակայությունը կարող է երկու երկրների հարաբերությունների միջեւ որոշակի լարվածություն առաջացնել:
Ռուսաստանի օրենսդրական փոփոխություններն արդեն որոշակի դժվարություններ են հարուցել այն անձանց մոտ, ովքեր ցանկացել են մեկնել Ռուսաստան: Արդյունքում ամանորյա տոներից հետո հայրենիք ժամանած բազմաթիվ հայեր, մեծ մասամբ Վարդենիսից, չեն կարողանում վերադառնալ Ռուսաստան աշխատելու: Նրանք մնացել են ռուս-վրացական սահմանին: Սահմանապահները հայտարարում են, որ նրանց մուտքը թույլ կտան միայն ապրիլի 26-ից հետո: Ընդ որում, նրանցից շատերի մոտ անգամ հայրենիք վերադառնալու գումար չկա: