Տղամարդն ու կինը մեղադրվում են «Հացատանը» պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ

56-ամյա տղամարդուն և 47-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ տղամարդը, հանդիսանալով ՍՊԸ-ի տնօրեն, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դիտավորությամբ, կնոջ հետ նախնական համաձայնության գալով, «Հացատուն» սննդի օբյեկտի 2 առանձնասենյակ կահավորելուց հետո հաճախորդների հետ գումարի դիմաց սեռական հարաբերություն ունենալու համար 6000-ական դրամով դրանք պարբերաբար տրամադրել են կանանց:

Բացի այդ, ըստ մեղադրանքի, նրանք կազմակերպել են հաճախորդների հետ ինտիմ հանդիպումներ հացատանը որպես մատուցողուհի աշխատող երկու կնոջ հետ: Այս մասին տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից:

Նրանց մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, երկու կամ ավելի անձանց օգտագործելով պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետեր): Երկուսի նկատմամբ էլ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը:

Քրեական գործի որպես ապացույցներ կցված են 35.000 դրամ, 1 դոլար, 3 բջջային հեռախոս, 1 գոտի, 1250 դրամ, «Յունիստրիմ» բանկային քարտ, 2 բջջային հեռախոսաքարտեր, 1 դոլար, դեղին մետաղյա 3 ականջօղեր և տետրեր:

Տեսանյութեր

Լրահոս