Կարգապահական վարույթ է հարուցվել փաստաբան Գևորգ Հարությունյանի նկատմամբ հայցադիմումի մեջ սեռական բնույթի հայհոյանք օգտագործելու համար
Փետրվարի 6-ին lurer.com կայքը հրապարակել է հոդված «Սկանդալ հայկական դատաիրավական համակարգում. փաստաբանը դատավորին փորձել է պարտավորեցնել հայհոյանքով (ֆոտո. 16+)» տեղեկություն: Այսօր՝ փետրվարի 7-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը դիմելով ՀՀ փաստաբանների պալատին տեղեկացրել է, որ 2014թ. հունվարի 21-ին դատարան է մուտքագրվել Էդուարդ, Աննա, Կարինե Սահակյանների լիազորված անձ՝ Գևորգ Սամվելի Հարությունյանի հայցադիմումը։ Հայցադիմումի չորրորդ էջում օգտագործվել է սեռական բնույթի հայհոյանք, իսկ հայցադիմումը ստորագրված է «Գ.Հարությունյանի» կողմից։
Հիմք ընդունելով լրատվական կայքի տեղեկատվությունը և Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի դիմումը ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը որոշում է կայացրել կարգապահական վարույթ հարուցել փաստաբան Գևորգ Սամվելի Հարությունյանի (արտոնագիր N1457) նկատմամբ հետևյալ պատճառաբանությամբ.
«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 39-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` փաստաբանը ենթակա է կարգապահական պատասխանատվության սույն օրենքի ևփաստաբանի վարքագծի կանոնագրքի պահանջները խախտելու համար:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ կարգապահական վարույթ հարուցելու հիմքն է փաստաբանի արարքի մեջ սույն օրենքի կամ փաստաբանի վարքագծի կանոնագրքով նախատեսված պահանջների խախտման հատկանիշների առերևույթ առկայությունը:
ՀՀ փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի կողմից 11.02.2012թ. թիվ 1/4 որոշմամբ հաստատված Փաստաբանի վարքագծի կանոնագրքի (այսուհետ` Կանոնագիրք) համաձայն՝
2.2.1 Վստահության վրա հիմնված հարաբերությունները կարող են գործել միայն այն դեպքում, եթե փաստաբանի հեղինակությունը, ազնվությունը և անձեռնմխելիությունը կասկածի տակ չեն առնվում։ Փաստաբանի համար այս ավանդական արժեքները մասնագիտական պարտավորություններ են։
2.2.2 Փաստաբանը չպետք է կատարի այնպիսի գործողություններ, որոնք կարող են կասկածի տակ դնել նրա հեղինակությունը, ազնվությունը և անձեռնմխելիությունը (հակառակորդ կողմի առաջարկների հանդեպ մատչելիություն):
2.2.3 Մասնագիտական, հասարակական, հրապարակախոսական և այլ բնագավառներում իր գործունեությամբ փաստաբանը պետք է նպաստի փաստաբանի մասնագիտության բովանդակության և հասարակական կոչման նկատմամբ հարգանքի ձևավորմանն ու ամրապնդմանը:
4.1. Փաստաբանը, ով ներկայանում է կամ մասնակցում է գործին դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի առջև, պետք է ենթարկվի այդ դատարանի կամ տրիբունալի կողմից կիրառվող վարվելակերպի կանոններին, այդ թվում հարգանքով վերաբերվել դատավորին և դատավարության մյուս մասնակիցներին։ Այդ կանոններին ենթարկվելու պարտականությունը չի սահմանափակում փաստաբանի` դատավորի կամ արբիտրի գործողությունների դեմ առարկելու կամ այլ դատավարական իրավունքներից օգտվելու հնարավորությունը: Փաստաբանը դատարանի հանդեպ ճշգրիտ հարգանք և համակրանք դրսևորելու հետ միաժամանակ պետք է իր վստահորդի շահերը պաշտպանի անկաշկանդ և անվախ` հաշվի չառնելով իր անձնական շահերը կամ ցանկացած հետևանքները, որոնք կպատահեն իր կամցանկացած այլ անձի հետ։
Հարկ է արձանագրել, որ փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելն ինքնին չի նշանակում, որ փաստաբանը թույլ է տվել կարգապահական խախտում և այդ հարցի վերջնական պատասխանը կարող է տրվել միայն կարգապահական վարույթի իրականացման արդյունքում` Պալատի խորհրդի համապատասխան որոշմամբ: