Կենտրոնական բանկի հայտարարությունը արհամարհանք է Սահմանադրական դատարանի որոշման նկատմամբ. Լևոն Զուրաբյան

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի որոշ հոդվածների կասեցման վերաբերյալ Կենտրոնական բանկը հանդես է եկել հորդորով՝ ձեռնպահ մնալ ՀՀ ՍԴ աշխատակարգային որոշման տարաբնույթ ընկալումներից, քանի որ վիճարկվող դրույթների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչվելու պարագայում պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցների համար հետևանքները, թերևս, ավելի ծանր կլինեն և կհանգեցնեն բաց թողնված ժամանակահատվածի համար կուտակային վճարներ միանվագ կատարելու պարտավորությանը: Անդրադառնալով այս հայտարարությանը՝ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, թե ԿԲ-ը իրավունք ունի հանդես գալ ցանկացած հայտարարությամբ, անգամ «հիմարությամբ»: «Բայց արդյոք դա իրենց պատիվ բերո՞ւմ է, թե՞ ոչ, այլ հարց է: Նման հայտարաություն անելը արհամարհանք է ՍԴ որոշման նկատմամբ: Այնպես չէ, որ որ ՍԴ-ն անարգանքի առիթներ չի տվել, իհարկե, տարիներ շարունակ ամեն ինչ արել են, որ իրենց հեղինակությունը զրոյացնեն, բայց եկեք տեսեք, որ այն ժամանակ, երբ ՍԴ-ն ընդունում էր մի որոշում, որը մի քիչ կարող էր ցույց տալ, որ ՍԴ-ն ընդունակ է իրավական որոշումներ ընդունելուն, ամբողջ մեքենան սկսում է դիմադրել»,- նշեց Լ. Զուրաբյանը: Նա հայտարարեց, թե իշխանության ներկայացուցիչներն իրենց այնպես են պահում, կարծես ՍԴ որոշում գոյություն չունի:

Տեսանյութեր

Լրահոս