Իշխանության նպատակները դեռ հայտնի չեն

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի համար դեռ պարզ չէ՝ ի՞նչ է նշանակում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը՝ գազամատակարարման ոլորտն ուղումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին: Հիշեցնենք, որ երեկ անդրադառնալով ԱԺ ոչ իշխանական ուժերի նախաձեռնությանը՝ ստեղծել ժամանակավոր հանձնաժողով և ուսումնասիրել գազամատակարարման ոլորտը, Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր.

«Համաձայն եմ, որ պիտի քննարկենք բոլոր հարցերը և մենք առաջիկայում ստեղծելու ենք հնարավորություն, որ դուք նախաձեռնել էիք այդ հանձնաժողովը ստեղծելու համար՝ ժամանակավոր, ստեղծելու ենք և բոլոր հարցերը քննարկելու ենք: Անպայմա՛ն, ու ես պիտի խնդրեմ, որ բոլոր քաղաքական ուժերը ակտիվ մասնակցություն ունենան»:

Հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերում իշխող մեծամասնության այս հայտարարությանը, Արմեն Ռուստամյանն այսպես արձագանքեց. «Դեռ պարզ չէ, ի՞նչ է նշանակում նստել և քննարկել. մենք էսքան առաջարկ արեցինք նստել-քննարկելու մասին: 2010 թվականից փորձում ենք այս հարցը բարձրացնել, բոլոր տեսակի ձևաչափերը առաջարկվել ենք, բայց մերժել են»:
Ա. Ռուստամյանը ենթադրեց, որ ԱԺ նախագահը միգուցե նկատի ունի խորհրդարանական խմբակցությունները խորհրդակցելը. «Նոր ձևաչա՞փ, նոր քննարկումնե՞ր… Մենք պատրաստ ենք նման քննարկումների, որևէ պրոբլեմ այդ առումով չունենք, որովհետև ավելի լավ է մի քայլ կատարվի, քան ամեն ինչ փակուղի մտնի, առաջընթաց տեղի չունենա: Ինչ էլ անենք՝ պիտի օգտակար լուծում գտնենք ժողովրդի համար, իսկ որ այս բնագավառը կենսական է՝ որևէ կասկած չի հարուցում: Այնպես որ, առաջարկը կլինի ավելի կոնկրետ, տեսնենք ի՞նչ է սա ենթադրում, ու եթե իշխանությունը քաղաքական կամք դրսևորի, միշտ ճանապարհ կգտնեն: Իսկ եթե պետք է արվի զուտ քարոզչական առումով, ապա իմաստ չունի, հերթական հուսախաբությունն է լինելու»:

Տեսանյութեր

Լրահոս