Բաժիններ՝

Անհատույց արյունատվության ակցիա` ԱՄՆ դեսպանատանը (լուսանկարներ)

«Սիրտ ունես, կյանք փրկիր» կարգախոսի ներքո Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը Արյունաբանական կենտրոնի կողմից կազմակերպվել էր անհատույց արյունատվության ակցիա: Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության մամուլի ծառայությունից: Ակցիային մասնակցել են ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը և Արյունաբանական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Սմբատ Դաղբաշյանը:

«Արյունատվությունը Միացյալ Նահանգներում շատ ընդունված է: Մենք հպարտ ենք համագործակցել Արյունաբանական կենտրոնի հետ, որպեսզի հայկական կազմակերպություններն ու ձեռնարկությունները նույնպես մասնակից դառնան կյանք պարգևելու նախաձեռնություններին»,– ասել է դեսպանը:

Ակցիայի շրջանակում հավաքագրված արյունը անվճար կտրամադրվի հիվանդ երեխաներին և կարիքավոր մեծահասակներին:

Hefern5 Hefern7 Hefern4

Անհատույց արյունատվությունը Հայաստանում դեռևս լայն տարածում չունի: Արյան դոնորների կազմում անհատույց դոնորները կազմում են միայն 4%, դոնորական արյան պահանջարկի 51%-ը լրացվում է հիվանդի հարազատների արյունատվության միջոցով, իսկ 45%-ը փոխհատուցվող (վճարովի) դոնորներից հավաքագրված արյան միջոցով:

«Մինչև 1960-ական թվականները այսպես էր նաև Միացյալ Նահանգներում, սակայն ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ արյան դիմաց վճարելը միջոցների խելամիտ ծախսում չէ, և սկսվեց կամավոր արյունատվության պրակտիկան, որի շնորհիվ ավելի շատ միջոցներ հնարավոր եղավ ուղղել հետազոտական, ախտորոշիչ աշխատանքներին ու հիվանդների բուժմանը»,– ասել է ԱՄՆ դեսպանության բժիշկ Էլեն Դեմփսին:

Hefern02

Hefern01

Հայաստանում արյունատվության ներկայիս համակարգի ներքո արյան փոխներարկման անհրաժեշտության դեպքում նախ դիմում են հիվանդի հարազատներին, և եթե նրանք ինչ-ինչ պատճառներով ի վիճակի չեն արյուն հանձնել, ապա դիմում են նախկինում արյան դոնոր հանդիսացած մարդկանց: Այս դոնորները հանձնած արյան դիմաց փոխհատուցվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս