Հովիկ Աբրահամյանը՝ Արամ Մանուկյանին. Ինչո՞ւ քննարկման ժամանակ ՀՀԿ-ին և ՕԵԿ-ին չեք հայտնել
Ինչպես տեղեկացրել ենք, «գազային պայմանագրերի» բացահայտման նպատակով ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը նախաձեռնում են ստեղծել խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով: Դիմելով ՀՀԿ մեծամասնությանը՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հորդորեց կողմ քվեարկել ու ստեղծել ժամանակավոր հանձնաժողով՝ համոզված լինելով, որ իշխող մեծամասնությունն էլ հետաքրքրված է «խորհրդավորությամբ, գաղտնիությամբ»:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ Արամ Մանուկյանից հետաքրքրվեց թե ինչո՞ւ նախաձեռնության գաղափարի քննարկման ժամանակ ՀՀԿ-ին և ՕԵԿ-ին իրենք չեն հայտնել: «Դուք խոսում եք չորս խմբակցվությունների անունից: Եվ ես ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ մյուս երկու խմբակցություններն էլ չեն ներգրավել քննարկումների մեջ: Քաղաքական մեծամասնությունն էլ, իմ կարծիքով, այն կարծիքին է, որ եթե կան թերություններ, խախտումներ, դրանք էլ շտկվեն, ստուգվեն: Երբ գաղափարը առաջացավ՝ ինչո՞ւ այդ քննարկումների ժամանակ մյուս երկու քաղաքական ուժերի հետ չեք քննարկել: Դուք հիմա ակնկալում եք իրենց աջացությունը, որ հանձաժողովը ստեղծվի, բայց ինչո՞ւ չեք քննարկել»,- հարցրեց Հովիկ Աբրահամյանը:
Ի պատասխան Արամ Մանուկյանն էլ ասաց, որ կա երկու պատճառ, թե ինչու ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը հանձնաժողով ստեղծելու քննարկումներին չեն մասնակցել: «Մենք բազմիցս դիմել ենք այս փաստաթուղթը ստանալու և բազմաթիվ անգամ ես դիմել եմ ՀՀԿ-ին, մասնավորապես՝ գազի 23 պայմանագրերը բացահայտելու համար ու ոչ մի անգամ ես չտեսա այն ցանկությունը, որ, ասենք, ՀՀԿ խմբակցության ղեկավարը ցանկանում է այդ փաստաթղթերը տեսնել: Այն, որ դիմելու համար կաշկանդված էինք՝ նաև վերջին քվեարկության հետ էր կապված: Մենք էն անգամ էլ ասեցինք՝ մի քվեարկեք այն պայմանագրի համար, որի մեջ չգիտեք՝ ինչ կա, որը դնում է երկիրդ կախվածության մեջ:
Բայց ելնելով անգամ այս փաստարկներից, ես կոչ եմ անում՝ եկեք քվեարկենք, ձեզ համար, մեզ համար բացահայտենք այն խորհրդավորությունը, որը երկու տարի է օդում կախված է»,- ասաց Արամ Մանուկյանը:
Հովիկ Աբրահամյանն էլ հակադարձեց. «Երևի դուք էլ եք զգում, որ ճիշտ չեք արել: Պիտի նախագծի կազմմանը մասնակցություն ունենային քաղաքական ուժերը, և այդ ժամանակ ակնկալիք կունենայիք: Հիմա բերել եք մի նախագիծ, որը չեք քննարկել, բայց միշտ քաղաքական մեծամասնությանը հորդորում եք, որ քվեարկեն: Ես իմ տեսակետն եմ ասում՝ ճիշտ կլիներ, որ առաջարկեիք»:
Արամ Մանուկյանն էլ՝ դիմելով Հ. Աբրահամյանին, հիշեցրեց. «Ես գոնե Ձեզ դիմել եմ այս քսաներեք պայմանագրերի հետ կապված»:
«Դիմել եք և ստացել եք»,- հակադարձեց ԱԺ նախագահը:
ՀԱԿ խմբակցությունն էլ Արամ Մանուկյանին պատասխան հուշեց, ինչից հետո Մանուկյանը հայտարարեց. «Իմ ընկերները ասում են ինձ՝ ասա, հա»:
Հ. Աբրահամյանն էլ նկատեց. «Եթե սպասում եք, որ Ձեր ընկերները Ձեզ ասեն՝ հա կամ ոչ, ուրեմն…»: